Հասարակություն

Որքան մոտենա ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի ավարտը, այնքան կաշխուժանա Արևմուտքը. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Վաշինգտոնյան բանակցություններին հաջորդեց, իսկ ռուսականին՝ նախորդեց ադրբեջանական կողմի հերթական սադրանքը Սոթքի հատվածում։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Ադրբեջանի վարած այսօրինակ քաղաքականությունը։

- Ողջ բանակցային ընթացքում, յուրաքանչյուր հանդիպման նախօրեին, Բաքուն նման սադրանքների էր գնում ռազմատենչ հռետորաբանության և պատերազմի սպառնալիքի կոչերին առընթեր։ Սա վարքագիծ է։ Հիմա այլ նշանակություն ունի հայաստանյան սահմանների ուղղությամբ նման ոտնձգություններ կազմակերպելը։ Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելուց հետո Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը։ Հիմա նման սադրանքներով անցել են արդեն Հայաստանի հետ սահմանազատման-սահմանագծման օրակարգին։ Շտապում են, դրա համար էլ ճնշում են նման գործողություններով։

- Ռուսական կողմը պնդել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, քանի որ կողմերը մի շարք հարցերում տարաձայնություններ ունեն։ Նման հայտարարություններով Ռուսաստանը փորձում է տապալե՞լ Վաշինգտոնյան բանակցությունները, թե՞ այլ նպատակ է հետապնդում։

- Արևմուտք-Ռուսաստան մրցապայքար է՝ երաշխավորների կամ միջնորդների հակամարտություն տեսքով դրսևորված։ Վաշինգտոնյան ներգրավվածության աշխուժացումը ակնհայտ է։ Որքան մոտենա ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի ավարտը, այնքան կաշխուժանա Արևմուտքը։ Բաքուն, ըստ էության, հրադադար խախտելով, սադրանքներ կազմակերպելով և ընդհանրապես չհարգելով նոյեմբերյան համաձայնությունները՝ խաղաթուղթ է տրամադրում Վաշինգտոնին։ Մոսկվան շարունակելու է պնդել, որ ԱՄՆ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, և միակ փաստաթուղթը, որ մինչ այժմ կա, ու որի հիման վրա բանակցում են կողմերը, եռակողմ պայմանավորվածություններն են։ Իսկ Վաշինգտոնն էլ անվերջ ընդգծելու է, որ Ռուսաստանին չի հաջողվում իրականացնել խաղաղապահ առաքելություն։

- Ըստ էության, ամերիկյան կողմը չի էլ ցանկանում միջնորդ լինել, այլ պարզապես հարթակ է տրամադրում բանակցելու համար։ Ո՞րն է ԱՄՆ-ի գործելաոճի պատճառը։

- ԱՄՆ-ի կամ ներգրավված որևէ գլխավոր խաղացողի նպատակը խաղաղության հանգելը չէ․ ազդեցության գոտիների կռիվ է ընթանում։ Դրա համար էլ առնչված կողմերը խանգարելու են, որ միակողմանի միջնորդությամբ և երաշխավորությամբ հակամարտությունը հանգուցալուծվի։ Սա գործընթացը կտանի ձգձգման։

- Թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ ՌԴ-ն հանդես են գալիս դեկլարատիվ հայտարարությամբ, բայց Ադրբեջանը ռեալ հարթության վրա շարունակում է ագրեսիվ հռետորաբանություն բանեցնել։ Ինչու՞ գործուն քայլեր չեն ձեռնարկում մոդերատոր կողմերը։

- Մոդերադոր կողմերը գործուն քայլեր չեն ձեռնարկելու։ Մոսկվան հասցեական հայտարարություններ չի հնչեցնում, իսկ Արևմուտքը, հակառակ դեկլարատիվ առումով հասցեականության, ոչ պատժամիջոցային քաղաքականություն է որդեգրում և Ադրբեջանի նկատմամբ հատուկ քայլերի չի դիմում։ Միջազգային ընտանիքը անգամ որևէ քայլ չի ձեռնարկում իր դատարանի վճիռը իրականացնելու համար։ Բաքուն դա լավ է գիտակցում, դրա համար էլ դիմում է սադրանքների։ Ադրբեջանի այս խաղը ինչ-որ տեղ կարող է ավարտվել, երբ տարածաշրջանում ուժերի նոր դասավորումներ լինեն։ Դրա համար էլ Բաքվում շտապում են իրենց ճշտած կանոններով խաղաղության պայմանագիր կնքելու։

- Այս ամենի ֆոնին նկատելի է դառնում նաև Թուրքիայի՝ ոչ պակաս ագրեսիվ վարքը Հայաստանի նկատմամբ։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք Թուրքիայի ընտրություններից․ Էրդողանի վերընտրությունը ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի համար։

- Անկարայի ագրեսիվության թայմինգը հուշում է երկրի համապետական նախընտրական փուլում լինելը, և Անկարայից հնչող խիստ կոչերը պետք է ընկալել նաև ներքին սպառման, քվե հավաքելու տրամաբանությամբ։ Դժվար է կանխատեսել ընտրությունների արդյունքները․ սա Թուրքիայի ամենաանկանխատեսելի ընտրություններ են։ Չի բացառվում, որ բևեռացած այս մթնոլորտն ունենա հետընտրական ցնցումներ։ Այդ ցնցումները կարող են իրենց հետևանքներն ունենալ Մոսկվա-Անկարա՝ առանց այդ էլ դյուրաբեկ դարձած հարաբերությունների վրա։ Հայ քաղաքական միտքը պիտի քննարկի նման սցենարների դեպքում գործելու բոլոր հնարավորությունները։ Թուրքիայի հետընտրական ցնցումները անպայման կազդեն տարածաշրջանի վրա, և չի բացառվում, որ ուժերի հարաբերակցության նոր իրավիճակներ ստեղծվեն։

Հայկ Մագոյան