Հասարակություն

Հայաստանը և Ղազախստանը տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունը կընդլայնեն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Կողմերը ողջունել են միմյանց, անդրադարձել բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա գործակցությանը, ոլորտային նախարարությունների և ընկերությունների միջև աշխատանքային հանդիպումների, համատեղ ծրագրերի իրականացման կարևորությանը։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև շատ դինամիկ հարաբերություններ են ձևավորվել, որոնք զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունեն։

Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին, կարևորելով Հայաստանի և Ղազախստանի միջև տեխնոլոգիական ոլորտի գործակցության զարգացումը, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստել հետագա արդյունավետ համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, տեխնոլոգիական կրթության, տիեզերական տեխնոլոգիաների, մի շարք այլ ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։

Կողմերն անդրադարձել են նաև ապրիլի 27-28-ը Երևանում անցկացվելիք հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի ոլորտային օրակարգի ձևավորմանը, ինչպես նաև 8-րդ նիստի արձանագրության կատարմանն առնչվող մի շարք հարցերի։ Նշվել է, որ միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի շրջանակներում կքննարկվեն տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային փոխակերպման, կիբեռանվտանգության, տիեզերական տեխնոլոգիաներին առնչվող բազմաբնույթ թեմաներ։

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը: