Հասարակություն

Կարմրուկով վարակվածներից 15-ը երեխաներ են

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանում կարմրուկով վարակվածության դեպքերին։

Նախարարի խոսքով՝ մարտի 6-ի ժ․11։00-ի դրությամբ հաստատվել է կարմրուկի 20 դեպք, որից 19-ը հոսպիտալացված է, մեկը դուրս է գրվել հիվանդանոցից։ Հիվանդներից 15-ը երեխա է. «Պացիենտների վիճակը միջին ծանրության է, նրանք գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ։ Բուժական ողջ գործընթացը կազմակերպվում է ԱՀԿ կողմից կազմակերպված և այս դեպքերում օգտագործվող միջազգային ուղեցույցների համապատասխան»։

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստան առաջին դեպքը ներթափանցել է արտերկրից. «Հիվանդացել է երեխա, որից հետո վարակվել են նաև այլ անձինք»։

Նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբն իրականացնում է միջոցառումներ՝ վարակիչ հիվանդությունների հակազդման նախատեսված պլանի համաձայն. «Իրագործում ենք մի շարք հրատապ միջոցառումներ, բայց, բացի դրանից, որոշակի փոփոխություններ ենք իրականացնում մեր ազգային օրացույցով սահմանված պատվաստումներն ակտիվացնելու համար»։

Ավանեսյանը շեշտել է, որ այս պահին ունենք հիվանդության փոքր բռնկում, որն այս պահին փորձում են զսպել ու թույլ չտալ հիվանդության տարածումը. «Համավարակի, համաճարակի մասին այս պահին խոսք չի գնում, և նման սցենարներ դեռ չեն երևում հորիզոնում»։