Հասարակություն

Ջրվեժում խանութից գողություն է կատարել, Երևանում` ավազակություն

Գողության վերաբերյալ ահազանգը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 4-ին: Վաղ առավոտյան 1-02 զանգած անհատ ձեռնարկատերը հայտնում էր, որ Ջրվեժի իր խանութից գողացել են փող ու ապրանք:

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, իրականացրել անհրաժեշտ գործողություններ, պարզել, որ գիշերը պարսպի վրայով անցել են բակ, մտել խանութ, որի դուռը բաց էր, և տարել 280 հազար դրամ, երկու կոնյակ և ծխախոտ:

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ու թեև հանցագործությունն արագ բացահայտել չհաջողվեց, բայց օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին: Տեղի ոստիկաններին օգնության եկան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, որոնց ստացած օպերատիվ տեղեկությունն էլ իրացվեց Կոտայքի ոստիկանների հետ: Փետրվարի 9-ի առավոտյան, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց և ոստիկանության Կոտայքի բաժին տեղափոխվեց Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Բաժնում նա խոստովանեց, որ դեկտեմբերի 4-ին ինքն էր Ջրվեժի խանութից գողություն արել: Իրավապահների հետագա գործողություններով պարզվեց, որ նույն օրը նա նաև ավազակություն էր արել: Փետրվարի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված քաղաքացին տվեց հաղորդում, որ գիշերվա ժամը 5-ին մոտ տղամարդը մտել է Երևանի Թևոսյան փողոցի՝ Ջրվեժ տանող ճանապարհի կահույքի արտադրամաս, հափշտակել գումար, իսկ երբ նկատել է իրեն` հնչեցրել է սպառնալիքներ, ոտքով խփել դեմքին, մոտը եղած լինգը նետել է իր ուղղությամբ ու փախել:

32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել գողության և ավազակության հատկանիշներով: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երկու դեպքով էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: