Հասարակություն

Մեկնարկել է Սեյրան Օհանյանի ապօրինի գույքի գործով դատական նիստը

Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար  Սեյրան Օհանյանի ապօրինի գույքի գործով նիստը։  

ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության, դատարանին խնդրել է Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝ Լեքսուս LX 570 մակնիշի 2009 թվականի արտադրության ավտոմեքենան, անհնարինության դեպքում դրա միջին շուկայական արժեքը, Աննա Բադալյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 98 շենքի 21/1 տարածքի և Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 98 շենքի 29 շինության համապատասխան մասերը և անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքները։

«Մյուս կետով դատախազությունը խնդրում է Ժակ Պիեռ Ֆոգոյից բռնագանձել օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Վահագնի թաղամասի Քուչակի 2 հասցեում գտնվող բնակելի տան համապատասխան տոկոսը և անհնարինությaն դեպքում դրա միջին շուկայական արժեքը, բացի դրանից, Սեյրան Օհանյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 477 միլիոն 473 907 ՀՀ դրամ՝ որպես 2018-2019 թվականների ընթացքում պարտատոմսերի մարումից և 2021 թվականի ընթացքում Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 98 շենքի թիվ 3-4 և 7 բնակարանների վաճառքից գոյացած գումարների ապօրինի ծագում ունեցող և չծախսված մաս, ինչպես նաև 600 միլիոն 762 հազար 179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2008-2018 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների և հնարավոր չէ նույնականացնել։ Բացի դրանից, ներկայացված հայցով դատախազությունը խնդրում է հայցադիմումի դրամական պահանջը բավարարել ինչպես Սեյրան Օհանյանին պատկանող, այնպես էլ այլ անձանց անվամբ գրանցված, սակայն օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող ակտիվների հաշվին, այդ թվում՝ Աննա Բադալյանի անվամբ գրանցված Երևան քաղաքի Նալբանդայն փողոցի 98 շենքի 28/1 տարածքի և նույն շենքի 29 շինության օրինական եկամուտներով հնիմնավորվող մասի, Ժակ Պիեռ Ֆոգոյի անվամբ գրանցված Երևան քաղաքի Վահագնի թաղամասի Քուչակի 2 հասցեում գտնվող տան նորից օրինական եկամուտներով հիմնավորվող մասի և Բենիամին Ղալեչյանի անվամբ գրանցված Գեղարքունքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեով գույքի կառուցապատման իրավունքի հաշվին»,- ասաց գործով դատախազը։  

Բացի այդ, Սեյրան Օհանյանի կողմից 2009 թվականին ներկայացված հայտարարագրում հայտարարագրվել է  նվիրատվություն կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին, 34 միլիոն 770 հազար դրամի չափով, իսկ վերջինիս կողմից հայտարարագրվել է նշված գումարով «Լեքսուս» ավտոմեքենայի ձեռք բերում, ինչը, սակայն, չի համապատասխանում Ճանապարհային ոստիկանությունից ստացված տվյալներին։ Նշված տվյալների համաձայն՝ «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենա Ռուզաննա Խաչատրյանի անվամբ հաշվառվել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին, ուստի այդ տվյալներն ուսումնասիրության շրջանակներում հիմք է ընդունվել։

Բացի դրանից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սևանա լճի ափին, Դրախտիկ համայնքի վարչական տարածքում Սեյրան Օհանյանն ունի ամառանոց, որը հաշվառված է ոմն Բենիամին Ղալեչյանի անվամբ: Վերջինս Արթուր Առաքելյանի ազգականն է, այն նույն Արթուր Առաքելյանի, ում անվամբ ձեռք էին բերվել Նալբանդյան փողոցի գույքերը՝ 1,8 միլիոն դոլարով, այնուհետև դրանից մի քանի անգամ ավելի էժան գնով օտարվել էին Ռուզաննա Խաչատրյանի քրոջ աղջկան։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում։