Հասարակություն

Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը սպանություններ են

Վերջին 10 օրվա ընթացքում բանակում արձանագրվել է երեք` ոչ մարտական պայմաններում մահվան դեպք, իսկ այս տարի այդպիսի նման դեպքերի թիվը հասել է 38-ի։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանի հետ։

«Բանակը փակ համակարգ է և պետությունը պատասխանատու է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար։ Պետությունը պարտավոր է պայմաններ ստեղծել զինծառայողների համար՝ ապահովելով նրանց կյանքի իրավունքը։ Բայց մենք տեսնում ենք, որ այս հարցում պետությունը պատասխանատվություն չունի»,-ասում է Ժաննա Ալեքսանյանը՝ պարզաբանելով, որ ասվածի վկայությունը բանակում այդպիսի դեպքերի հաճախակիությունն է։

Ըստ Ալեքսանյանի՝ որևէ մեկը բացատրություն չի տալիս, թե ինչո՞ւ են այս դեպքերը հաճախ կրկնվում. «Պաշտպանության նախարարը պարտավոր է հանրությանը բացատրել, թե ինչո՞ւ են կրկնում այդ դեպքերը և ի՞նչ են անում, որպեսզի կանխարգելեն մահվան ելքով դեպքերը»։

Նմանօրինակ դեպքերի բացահայտման մասով իրավապաշտպանը նկատում է, որ դրանք քննում է ՀՀ Քննչական կոմիտեն, և կոմիտեն բոլոր գործերով էլ բացահայտումներ ներկայացնում է, բայց քրեական գործերը իրականում չեն բացահայտվում։

Այս համոզմանը Ժաննա Ալեքսանյանը եկել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի աշխատանքային փորձից, երբ երկար տարիներ զբաղվել են զինծառայողների կյանքի իրավունքի խախտման դեպքերով հարուցված քր.գործերով։ Նրա խոսքով՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը, որոնք շատ արագ ինքնասպանություններ են որակվում՝ ինքնասպանութուններ չեն, այլ սպանություններ են. «Ես սրանք ասում եմ՝ հիմնվելով այն ապացույցների վրա, որոնք հետազոտում ենք»։

Հարցին՝ 44-օրյա պատերազմից հետո՞ են շատացել ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերն, իրավապաշտպանն ասաց, որ վերջին տարիներին այդպիսի դեպքերը ավելի են շատացել։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը, օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը, իսկ օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Հայկ Մագոյան