Հասարակություն

Հ2-ը շահել է դատը. ՀՌՀ-ն նոր մրցույթ է հայտարարել

Երկու օր առաջ ՀՌՀ-ն հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ: Բանն այն է, որ Վարչական դատարանը բավարարել է «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը:

Radar Armenia-ի հետ զրույցում ՀՌՀ Միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ Հասմիկ Պետրոսյանը, մանրամասնելով դատարանի որոշումն ու դրա արդյունքում ՀՌՀ անելիքներն, ասաց. «Եթե հիշում եք անցյալ տարվա հունվարին մրցույթ կայացավ, մենք այնտեղ ունեցանք մայրաքաղաքային սփռման համար մեկ ազատ սլոթ ու օրենքով սահմանված կարգով մրցույթ հայտարարեցինք, և հայտերի ընդունումից, հրապարակումից, ամփոփումից հետո Հ2-ը բողոքարկել էր որոշումը։ Այժմ դատարանի որոշմամբ՝ Հ2-ը հաղթել է դատը»։

Մեր հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ Հ2-ը կվերադառնա եթեր, Հասմիկ Պետրոսյանն ասաց, որ ոչ թե Հ2-ը կվերադառնա եթեր, այլ այդ որոշման հիման վրա հանձնաժողովը նոր մրցույթ է հայտարարել, «Նոր մրցույթ է լինելու, նոր դիմորդներ են լինելու, այսինքն՝ նոր մրցույթի գործընթաց է կայանալու և դրանից հետո նոր հաղթող է որոշվելու, ոչ թե Հ2-ն է հաղթող ճանաչվում այդ պահին ու վերադառնում եթեր»։ Մեր այն հարցին, թե Հ2-ն արդյոք շանսեր ունի եթեր վերադառնալու մեր զրուցակիցը պատասխանեց, որ խնդիրն այն է, թե քանի հոգի կդիմի, ինչ հայտեր կներկայացվեն, վարկանիշային քվեարկության արդյունքում նրանցից յուրաքանչյուրն ինչ միավոր կստանա։

Նկատենք, նաև որ այս մրցույթն առնչություն չունի նախորդ մրցույթի արդյունքների հետ, որով մայրաքաղաքային սփռման մրցույթում հաղթել էր Բուն TV-ն։ Ըստ այդ մրցույթի հայտերի վարկանշային քվերակության արդյունքների՝ «ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ» ՍՊԸ-ի «Բուն թիվի»-ն ստացել էր 101 միավոր, «Հայկական երկրորդ հեռուստաընկերություն»-ը՝ 73, «ՅԱՆ Թիվին»՝ 84 և «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020»-ը՝ 69:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար 2021 թվականի ապրիլի 4-ին ՀՌՀ հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:

ՀՌՀ-ն հունիսի 4-ի իր որոշմամբ մրցույթում հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը և նրանց տրամադրել է Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա: