Մամուլ

Սիսիանում իշխանական կրքերը թեժ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանում կրկին կրքերը սրվել են՝ ՔՊ-ականները բաժանվել են երկու ճամբարի: Կռիվը քաղաքապետի աթոռի շուրջ է: Սիսիանցի ՔՊ-ական ակտիվիստ Արսեն Ավագյանը, ով եկեղեցու դեմ արշավի նախաձեռնողներից էր, բավարարված չէ իր կարգավիճակով՝ նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։ Էլի դժգոհ մարդիկ կան Սիսիանի իշխանամետների շրջանում, որոնք պայքար են սկսել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի դեմ: Վերջինիս աջակցում է նախկին ԲՀԿ-ական, սակայն հետո ՔՊ-ին հարած Կարեն Համբարձումյանը, ով նաև բարեկամական կապ ունի քաղաքապետի ԺՊ-ի հետ: Քաղաքապետի ԺՊ-ն ևս նախկին ԲՀԿ-ական է, և նաև դա է դարձել խոսակցությունների հիմնական առիթը։

Մյուս թևը կարծում է, որ ավելի շատ վաստակ ունի և ավելիին է արժանի՝ իրենք ավելի հավատարիմ են եղել իշխանություններին, սակայն իրենց հավատարմությանը համարժեք պաշտոններ չեն ստացել, ուստի սկսել են փորել գործող ԺՊ-ի տակ և կենտրոնացել են ավագանու նիստերի վրա։ Ոստիկանությունում արդեն նյութեր են նախապատրաստվում այն առիթով, որ ավագանու նիստերում քվորում չի ապահովվել, սակայն նիստերը կայացել են»։