Մամուլ

Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․«Պետական և համայնքային մարմինները ֆեյսբուքյան էջեր են պահում, որտեղ տեղեկատվություն են տեղադրում, գովազդում իրենց և տվյալ կառույցի ղեկավարին: Պարզվում է, այստեղ իսկական քաոս է տիրում։ Երբեմն նույն համայնքի անունով մի քանի էջ կա, և պարզ չէ, թե դրանցից որն է գործողը։ Արթիկի համայնքապետարանը, օրինակ, 3 էջ ունի, Արմավիրը՝ 2։ Երբեմն էլ համայնքի էջը փոխում է անունը, օրինակ, «Մեղրիի համայնքապետարանը» մեկ էլ կարող է դառնալ «Մեղրի մոլ», և հետևորդները պաշտոնական լուրերի փոխարեն կարող են տեսնել վարտիքների գովազդ։ Սա նշանակում է, որ էջի ադմինը, տերը փոխվել է, բովանդակությունը` ևս: Երբեմն էլ ֆեյսբուքյան էջը նախկին աշխատողներն իրենց հետ «տանում» են։

«Աշխատակազմերը կայքերը մեկը մյուսին են փոխանցում, բայց ՖԲ էջը ամեն գնացող հետը տանում ա, քանի որ դրա վրա գումար չեն ծախսել, ու բացողն ու աշխատեցնողը համարում են իրենց սեփականը»,- բացատրեցին մեզ։ Նոր ընդունված աշխատողները ստիպված են լինում նոր էջեր բացել` ավելի քիչ հետևորդներով։ Օրինակ, Ալավերդիում նախկին աշխատակազմն իր հետ «տարել» է 8 հազար հետևորդով ՖԲ էջը, նոր էջ են բացել, որի հետևորդները 800 են։ Բայց Ալավերդու դեպքն ուրիշ է` այստեղ ՔՊ-ն խլեց համայնքապետի աթոռն «Ապրելու երկիր» կուսակցությունից, և նախկին աշխատակազմը նորի հետ չի համագործակցում»: