Քաղաքական

«Վախենամ՝ ամենաբարձր մակարդակում հոգևոր առաջնորդությունը ձախողել են». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մենք եկեղեցու հետ չենք հակամարտում։ Եկեղեցին հակամարտում է մեզ հետ, թե չէ, ինքը պետք է պատասխանի այդ հարցին»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե եկեղեցու որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դա նշանակում է՝ խոստովանում են հոգևոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը․ «Իմիջիայլոց, կարելի է ուշադիր հետևել. այսօր Հայաստանում կան հոգևորականներ, որոնք հոգևոր առաջնորդություն են իրականացնում։ Ի՞նչն է հոգևոր առաջնորդությունը. դա մարդկանց օգնելն է, աջակցելն է Աստծո հետ հարաբերություններում, որ մարդն իր ներաշխարհի, ինքն իր հետ ներդաշնակություն գտնի։ Այսօր կան հոգևորականներ, որ այսօր հենց ճշգրիտ այդ գործունեությունն են իրականացնում»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ քաղաքական հայտ ներկայացնում են հոգևորականները, որոնք ձախողել են հոգևոր առաջնորդությունը, մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը. «Ցավոք սրտի, այդ դիրքի, իրադրության մեջ են հայտնվել շատ բարձրաստիճան հոգևորականներ։ Ոչ բոլորը, բայց շատերը։ Բարձրաստիճանների մեջ էլ կան բազմաթիվները, որ իրոք հոգևոր առաջնորդությամբ են զբաղված։ Բայց վախենամ՝ ամենաբարձր մակարդակում հենց հոգևոր առաջնորդությունն են ձախողել»։

Նա նաև իր փորձից է օրինակ բերել. «Կարելի է շփվել, հաղորդակցություն ունենալ տասնյակ անգամներով, և այդ տասնյակ անգամներից ոչ մի անգամ չլսել ոչ մի բան Աստվածաշնչի մասին, չլսել ոչ մի բան նույնիսկ Նոր կտակարանի ու Ավետարանի մասին,  չլսել ոչ մի բան դավանաբանական խնդիրների մասին, այլ լսել բազմաթիվ բաներ ցեմենտի, բետոնի, ապրանքը տանելու, ներմուծելու, մաքսազերծելու, փողն այստեղ դնելու, այնտեղից հանելու, այս երթուղային գիծը այս մեկով փոխարինելու, այս մի ավտոն այն մյուսով փոխարինելու, «Մերսեդեսի» թազա վիպուսկը հին վիպուսկի հետ համեմատելու։ Ես զարմացած չեմ, որ այդ մարդիկ քաղաքական հայտ են ներկայացնում, որովհետև նրանք հոգևոր դաշտում էլ բան չունեն անելու։ Էդ իրենցը չի։ Ես լսում եմ, հասկանում, որ իրենք, հնարավոր է, Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն էլ կարդացել։ Նույնիսկ նրանց տերմինաբանության մեջ հասկանում ես՝ վաղուց Նոր կտակարան չեն բացել, ավետարանական նրբությունների չեն տիրապետում»։

Նա նաև նշել է. «Հետաքրքիր քննարկում ընկավ աչքովս կապված ոգու,հոգու և այդ ամեն ինչի հետ։ Եւ ես այստեղից հասկացա՝ մարդիկ կամ հոգևոր ծառայությանը, Ավետարանին չեն տիրապետում, կամ էլ դիտավորյալ պղծության քարոզչությամբ են զբաղված, որովհետև երբ հոգևորականները խոսում ու քարոզում են ոգու մասին, Ավետարաններում ոգի բառն օգտագործվում է բացառապես «պիղծ», «չար» մակդիրների հետ»։