Քաղաքական

«Ես լինեի, այդ աշխատանքը կիրականացնեի». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով նախօրեին ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցադրմանը, թե ինչ կանեին, եթե գային իշխանության, նշել է՝ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, իսկ իշխանությունը՝ անցյալը։

Ըստ Օհանյանի՝ իրավիճակից բխող և համակարգված քայլեր պետք է ձեռնարկվեն, և այդ հաջորդականությունից է կախված, թե ինչպիսին կարող է լինել անվտանգությունը․ «Այն, ինչ կատարվել և կատարվում է սահմաններում, հետևանք է այն զիջողական քաղաքականության, որն սկսվել է Կուբաթլուի տարածաշրջանից, Գորիս-Կապան ճանապարհի հանձնումով, Սև լճերում, Իշխանասարի, Ջերմուկի, Գեղարքունիքի հատվածներում և այլն։ Եվ դրա շարունակությունը արտահայտվում է նաև Տավուշում»։

Պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ ազգային անվտանգության ռազմավարությունը և նաև ռազմական դոկտրինը, որը նոր պահանջներ ունի, շարունակում է մնալ նույնը. «Մենք լինեինք, ես լինեի, այդ աշխատանքը կիրականացնեի, որպեսզի մենք մեր գործունեությամբ՝ թե ազգային, թե միջազգային երաշխիքների ձևավորման մեջ, հենվեինք միայն ու միայն մեր այդ կարևոր փաստաթղթերի վրա»։