Քաղաքական

Ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև զարգացող քաղաքական երկխոսության կարևորությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև զարգացող քաղաքական երկխոսության կարևորությունը, որին էական խթան են հաղորդում բարձր մակարդակի փոխայցելությունները։

«Մեր երկկողմ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, և այդ ճանապարհին խորհրդարանական կապերն իրենց յուրովի դերն ունեն»,- նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը հավելել է, որ երկու խորհրդարաններում արդեն ձևավորվել են բարեկամական խմբեր։

ՀՀ ԱԳ նախարարը և Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագահը շեշտել են, որ երկու երկրների միջև, ինչպես նաև ավելի լայն՝ Հայաստանի ու արաբական աշխարհի երկրների միջև հարաբերությունները հիմնված են պատմականորեն երկու ժողովուրդների միջև ձևավորված կապերի, փոխադարձ համակրանքի վրա, իսկ զարգացման տեսլականն ու հեռանկարները՝ տնտեսական զարգացման ու բարգավաճման ձգտումների վրա։

Նախարար Միրզոյանը հավելել է, որ 2019թ. Կատարում ՀՀ ռեզիդենտ դեսպանության և 2023թ. Հայաստանում Կատարի ռեզիդենտ դեսպանության բացումը ևս դրա վկայությունն է, միաժամանակ հանձնառություն՝ ձեռնարկել համատեղ կոնկրետ ջանքեր՝ զարգացնելու թե’ երկկողմ, թե’ Ծոցի համագործակցության խորհրդի հարթակում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին։