Քաղաքական

Փորձում ենք բանակցային սեղան ու Բաքվի հետ երկխոսության վերադարձնել Արցախի ներկայացուցիչներին. Հովհաննիսյան

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները՝ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով՝ միջազգային մեխանիզմների հովանու ներքո։

ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նա ասել է. «Միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունն այս պահին առաջնորդվում է իր՝ միջազգայնորեն ճանաչված 29.800 քկմ տարածքի սուվերենության պահպանմամբ ու ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի իրավունքների ու անվտանգության իրացմամբ, որը մենք պատկերացնում ենք, որ պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ խոսակցության միջոցով։ Այսինքն` ԼՂ հիմնախնդիրը խորացել է` Ռոբերտ Քոչարյանի կողմից Ղարաբաղը դուրս թողնելով բանակցային սեղանից, մենք հիմա փորձում ենք բանակցային սեղանի շուրջ ու Բաքվի հետ երկխոսության վերադարձնել Արցախի ներկայացուցիչներին, որտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց իրավունքներն այնպես, ինչպես պատկերացնում են»։

Հովհաննիսյանը շեշտել է, որ չի արձագանքի Արցախից հնչող ներքաղաքական հայտարարություններին։