Քաղաքական

«Ես կստորագրե՞մ մի բան, որ ո՛չ ձեր, ո՛չ իմ երեխաների աչքերին չկարողանամ նայել, ոչ». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ինքը չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չկարողանա ժողովրդի ու իր ընտանիքի անդամների աչքերին նայել։

«2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, որը ստորագրել էի, ես երջանիկ չէի։ Դա ծանր ու դառը որոշում էր, բայց՝ գիտակցված։ Ես տեսել եմ, որ այդ թղթի մեջ և այդ թղթի իրագործմամբ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կարողանում են իրենց շահերը հետապնդել։ Այն ժամանակ այդ հայտարարությունը կապիտուլյացիա անվանվեց, բայց այսօր թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները, իրավապաշտպանները հղում են անում այդ հայտարարությանը։ Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի հետ կապված իր որոշումը հիմնավորել է այդ հայտարարությամբ։ Մեր պրոբլեմն այսօր եռակողմ հայտարարությունը չէ, հակառակը, եթե եռակողմ հայտարարությունը լիարժեք պահպանվեր, մենք այս ամեն ինչը չէինք ունենա։ Մեր խնդիրն այդ հայտարարության չիրագործումն է, և երաշխիքների ու երաշխավորի բացակայությունն է, չգործելն է դրա պատճառը»,– ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է ԱԺ-ում ամիսներ առաջ արած հայտարարությունը, որում նշել էր՝ ինչ կստորագրի, ինչ՝ չէ, որից հետո մեծ հանրահավաք տեղի ունեցավ Երևանում. «Ես կստորագրե՞մ մի բան, որ ո՛չ ձեր, ո՛չ իմ երեխաների աչքերի մեջ չկարողանամ նայել։ Ոչ։ Նախորդ ասուլիսում մի ակնկալիք ունեի լրագրողներից, ասում էի՝ եկեք էս խոսակցությունը մի բանի համար օգտագործենք, մեզ հետ տեղի ունեցածը ու մեզ հետ տեղի ունեցողը  ավելի խորը հասկանանք, որովհետեւ պրոբլեմի հիմքը դա է։ Մենք պետք է պրոբլեմն ախտորոշենք, որ կարողանանք լուծել։ Ինձ թվում է՝ գենետիկ մակարդակում  ես պրոբլեմը գիտեմ ամբողջ խորությամբ։ Գիտե՞մ արդյոք լուծումները․ այո։ Ես գիտեմ նաև լուծումները, որոնց մասին բարձրաձայնել եմ այն շրջանակներում, ինչ կարելի է բարձրաձայնել։ Կստացվի՞ այդ լուծումը, ես դա չգիտեմ մի պարզ պատճառով, որովհետև այսօրվա աշխարհում չկա մի ղեկավար, որը գիտի՝ մի ամիս հետո է ինչ է լինելու։ Գիտեմ, ձեր հայացքներով ասում եք՝ բա ինչի՞ ես էստեղ։ Մենք պետք է հասկանանք, որ փլուզվող աշխարհում ենք ապրում հիմա, և դա ամենավատ բանն է, որ կարող էր տեղի ունենալ։ Ընդ որում՝ 2020 թվականի պատերազմը գենետիկ կապ ունի էսօր տեղի ունեցող ամեն ինչի հետ»։