Քաղաքական

Պահանջում ենք կազմակերպել տեղի ունեցած հանցագործության միջազգային անկախ հետաքննություն․ «Հանուն Հանրապետության»

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին դիվերսիոն գործողություններին։

«Ս․թ․ Մարտի 5-ին Ադրբեջանից Արցախ մուտք գործած դիվերսիոն խումբը, հատելով 2020թ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ սահմանված դիմակայության գիծը, Ռուսական խաղաղապահության գոտու սահմաններից ներս՝ կրակ է բացել Արցախի ոստիկանության մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է 3, իսկ վիրավորվել է 1 ոստիկան: Արցախի պաշտպանության բանակի ջանքերով դիվերսիոն խումբը հետ է շպրտվել Արցախի տարածքից:

Ադրբեջանի կողմից սանձազերծված այս հանցավոր գործողությունն ակնհայտորեն Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում Հայաստանի դիվանագիտական հաջողությունների և, մասնավորապես, ՄԱԿ-ի միջազգային դատարանի հայտնի որոշման պատասխանն է: Փաստորեն, Ադրբեջանը չի պատրաստվում կատարել ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, եւ իր անընդունելի եւ ագրեսիվ դիրքորոշումը Բաքուն զուգորդում է կրակոցներով եւ սպանություններով։

Արցախի ոստիկանների գնդակահարությունը ՌԴ ԱԳ նախարարի Բաքու կատարած այցից անմիջապես հետո՝ ակնհայտորեն հրահանգվել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և խրախուսվել Ռուսաստանի Դաշնության կողմից, որը փորձում է մի կողմից իրեն վերագրել միջազգային հանրության հետևողական ճնշման ներքո Արցախի և Արդբեջանի ներկայացուցիչների միջև սկսված երկխոսությունը, իսկ մյուս կողմից, խորացնելով հայ-ադրբեջանական թշնամանքը, ձգտում է այդ երկխոսությունը դարձնել հնարավորինս անարդյունք եւ բացառապես իր պահի հայեցողությունից մշտապես կախված, ինչպես նաև խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում նախատեսվող հանդիպմանը: Մոսկվան Հարավային Կովկասում եւ Արցախի շուրջ զբաղված է քաոսի արտահանմամբ, որի նպատակն է շարունակել տարածաշրջանային հակամարտությունները սեփական ռեգիոնալ ազդեցությանը ծառայեցնելը, եւ դա վաղուց հայտնի մարտավարություն է:

Ադրբեջանի հերթական լկտի հանցագործությունն ի ցույց է դնում հետևյալ իրողությունները՝

- Ադրբեջանն ու Ռուսաստանը հետևողականորեն խախտում են 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. Ադրբեջանը, շրջափակելով Լաչինի միջանցքը, այժմ էլ նպատակադրված խախտում են Արցախում կրակի դադարեցման ռեժիմը, իսկ Ռուսաստանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնված խաղաղապահ գործառույթները;

- Ադրբեջանն ու Ռուսաստանը, լինելով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի անդամներ, տորպեդահարում են ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարումը և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ԵԱՀԿ-ի ջանքերը՝ այդպիսով իրենց փաստացի դուրս դնելով միջազգային իրավակարգից,

- Ռուսաստանը, անուղղակիորեն նպաստելով Արցախում իրավիճակի սրմանը, ձգտում է Հայաստանին հետ պահել Արցախի հարցի միջազգայնացումից և վերադարձնել իր մոդերատորությամբ գործող հայ-ադրբեջանական բանակցային ձևաչափ, որը ծառայում է բացառապես Հայաստանից նորանոր զիջումներ կորզելուն:
Հանուն Հանրապետության կուսակցությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական ուժերի դիվերսիոն ներթափանցումն Արցախի տարածք և արցախցի ոստիկանների նկատմամբ հանցավոր ոտնձգությունը: Խորապես ցավակցում ենք երեք ոստիկանի մահը և շուտափույթ ապաքինում մաղթում արյունալի միջադեպում վիրավորված նրանց ծառայակցին:

Պահանջում ենք կազմակերպել տեղի ունեցած հանցագործության միջազգային անկախ հետաքննություն՝ անվանապես պարզելու կազմակերպիչներին և կատարողներին:

Փաստում ենք, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախում ոչ միայն սպառել է իրեն, այլև հիմքեր են ստեղծվել պնդելու, որ այն վերածվել է Ադրբեջանի հանցավոր գործողությունների ծխածածկույթի:

Հետևաբար, պահանջում ենք Հայաստանի իշխանությունից նոր թափով շարունակել Արցախ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելուն ուղղված ջանքերը՝ դրանով սկիզբ դնելով Արցախում ռուսական միանձնյա ներկայության ավարտին»: