Քաղաքական

Շիրակի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել մարզպետի պաշտոնից ազատվելու դիմում։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։ 

«Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին բարձր վստահության, գործադիր և օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաև դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին` արդյունավետ համագործակցության համար։

Որքան էլ Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան` պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մարզի խնդիրների և հոգսերի լուծման համար մեկտեղել եմ իմ ջանքերն ու գիտելիքները։ Սակայն պետք է արձանագրեմ, որ որևէ անհատ կամ պաշտոնյա չի կարող հաջողել իր գործում, եթե չունենա գիտակ թիմ և փորձառու համախոհներ։

Շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի աշխատակազմին` ցուցաբերած բարձր արհեստավարժության և հետևողական աշխատանքի համար։ Կատարված աշխատանքի լավագույն ցուցիչը ժողովրդի գնահատականն ու վերաբերմունքն է, որն օր-օրի ավելանալով է՛լ ավելի էր պարտավորեցրել ինձ` որպես մարզպետի։ Յուրաքանչյուր շիրակցու խնդիրն ու հոգսը համարելով իմը` սրտացավորեն փորձել եմ օր առաջ լուծում տալ։

Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար։ Հրաժեշտ տալով իմ հարազատ մարզին` մաղթում եմ առաջընթաց և զարգացում»,- գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում։