Քաղաքական

«Պահը կգա՝ այդ մասին կխոսեմ». Աննա Գրիգորյանը՝ «Վերածնվող Հայաստան»-ից դուրս գալու պատճառների մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր մեկնաբանել է «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից իր և Արթուր Սարգսյանի հեռանալու որոշումը։

Նրա խոսքով՝ Սյունիքը ներկայացնող պատգամավորներն այլևս «Վերածնվող Հայաստան» կուսակցության մաս չեն կազմում, բայց միևնույն ժամանակ հանդիսանում են «Հայաստան» խմբակցության անդամներ։

Գրիգորյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե «Հայաստան» խմբակցությունը կազմալուծվում է՝ նշելով, որ ինքը, Վահե Հակոբյանն ու Արթուր Սարգսյանը շարունակում են մնալ խմբակցության անդամներ և պահպանում են գործընկերային հարաբերությունները։

Ընդդիմադիր պատգամավորը այս պահին նպատակահարմար չհամարեց խոսել ներկուսակցական տարաձայնությունների մասին և մանրամասնել որոշման պատճառները. «Պահը կգա, օրը կգա՝ դրա մասին կխոսեմ»։

Գրիգորյանը հերքեց տեղեկությունները, թե իր և Արթուր Սարգսյանի դուրս գալը կապ ունի կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ առնչվող այս կամ այն քրեական գործի հետ։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ մանդատները վայր կդնեն, Գրիգորյանն ասաց, որ տեսականորեն որևէ բան չի կարելի բացառել, բայց նշեց, որ նման քննարկում խմբակցությունում չկա։