Քաղաքական

Մի հատ էլ թող այլընտրանքային պետություն հիմնեն. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է խորհրդարանական ընդդիմության բոյկոտին։

Նա անլուրջ որակեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ԱԺ նիստը բոյկոտելը և խորհրդարանից դուրս քննարկումներ անցկացնելը։ Միաժամանակ նա պնդեց, որոր ընդդիմության այդ քայլը չի վնասի ԱԺ աշխատանքներին, որովհետև ԱԺ-ն ունի ամենաբարձր լեգիտիմությունը. «Իսկ ընդդիմությունը, կարելի է ասել, ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ։ Մի հատ էլ թող այլընտրանքային պետություն հիմնեն»,- նշեց նա։

Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմադիր պատգամավորները հայտնի են իրենց հայհոյանքներով, ու հանրությունը տալիս է դրա գնահատականը. «Իսկ մենք կառուցողական ենք եղել, նաև այն հարցում, որ իրենց չենք զրկել մանդատներից, թեև կարող էինք հարցն ուղարկել Սահմանադրական դատարան»։