Քաղաքական

Պետք է արտաքին ճնշման միջոցով նվազեցնել էսկալացիայի վտանգը

Ադրբեջանի կողմից տարածվող շարունակական ապատեղեկատվության, Արցախում գիշերը հրադադարի խախտման և տարածաշրջանում նոր էսկալացիայի հավանականության մասին Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ։

- Ադրբեջանի ՊՆ-ն տևական ժամանակ է՝ ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը և գնդակոծում ադրբեջանական դիրքերը։ Կարծիքներ կան, որ այսկերպ հակառակորդը նոր ռազմական էսկալացիայի հող է նախապատրաստում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է արվում սա։

- Այո, ես էլ եմ կարծում, որ այս փուլում ռազմական սրացման հավանականությունը բավական բարձր է։ Ադրբեջանը, մեծ հաշվով, կրկնում է այն բոլոր գործողությունները, որոնք արվել են օգոստոսյան էսկալացիայից առաջ։ Եվ, այդ առումով, հայկական ԶՈՒ-ն, ինչպես և՝ Արցախի ՊԲ-ն, պետք է պատրաստ լինեն նմանատիպ զարգացումների։

- Գիշերը ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերի ուղղությամբ։ Այս գործելոճը անընդհատ ապատեղեկատվություն տարածելու համատեքստու՞մ եք դիտարկում։ 

- Դժվար է կանխատեսել ուղղությունը։ Իհարկե, եթե հետևենք Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններին, որտեղ անընդհատ նշվում է, որ իբր գնդակոծվում են իրենց դիրքերը Լաչինի և Քելբաջարի շրջանում, կարելի է ակնկալել սրացում, օրինակ, Գեղարքունիքում, բայց, ընդհանուր առմամբ, դժվար է կանխատեսել։ Հնարավոր է՝ սրացում լինի նաև Լեռնային Ղարաբաղում։

- Հնարավոր էսկալացիայից խուսափելու համար ի՞նչ պետք է անի հայկական դիվանագիտությունը։

- Շատ ակտիվ կապի մեջ պետք է գտնվել միջազգային բոլոր գործընկերների հետ, ցույց տալ Ադրբեջանի այս պահվածքը, որը չի էլ փորձում թաքցնել իր գործողությունները, և փորձել առնվազն դիվանագիտական արտաքին ճնշման միջոցով նվազեցնել էսկալացիայի վտանգը։

Հայկ Մագոյան