Քաղաքական

Տեսարանը հաճելիներից չէր. ընդդիմադիր պատգամավորի դիտարկումը

Սյունիք կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ծաղկեփնջով դիմավորել էր ընդդիմադիր գործիչ Մանվել Փարազամյանը։ Այս լուրը և կից լուսանկարը լայն տարածում ստացավ և բազմաթիվ քննադատությունների տեղի տվեց, այն իմաստով, որ փաստորեն հերթական գործիչ փոխել է իր քաղաքական գիծը։

Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանն, արձագանքելով կատարվածին, նշեց. «Այո, տեսարանը հաճելիներից չէր, խիստ անընդունելի էր, բայց, մյուս կողմից, ուզում եմ շեշտել, որ պետք չէ Փարամազյանի արարքը պրոյեկտել ամբողջ ընդդիմության վրա ու ընդհանրացնել»։

Նկատեցինք նաև, որ ԱԺ առաջին նիստի ժամանակ նաև Փարամազյանի նկարը պատկերված շապիկով էին ընդդիմադիր պատգամավորները ներկայացել նիստին, իսկ ի՞նչ փոխվեց հիմա. ««Հայաստան» դաշինքը պայքարում էր նաև Փարամազյանի համար։ Այո՛, մենք պայքարել և պայքարելու ենք ցանկացած ապօրինության դեմ»։

Հարցրինք նաև՝ կպահպանվի՞ հարաբերությունները Փարամազյանի հետ, թե՞ կսառեցվեն շփումները։ Մեր զրուցակիցը պատասխանեց, որ անձամբ Փարամազյանի հետ որևէ հարաբերություն չի ունեցել՝ հավելելով, որ այսօր երկրում առկա խնդիրները շատ ավելի լայն են, քան որևէ անձի՝ ընդդիմության մեջ լինել-չլինելու հանգամանքը։ «Երեկ, այդ լուրին զուգահեռ, լուր տարածվեց, որ խոշոր տրամաչափի զինատեսակներից Ադրբեջանը կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ, որը Երևանից հեռու է ընդամենը 100-110 կմ։ Այսինքն, այսօր մեր խնդիրը շատ ավելի մեծ է, քան կարող են պատկերացնել շատերը։ Ես վստահ եմ՝ որևէ մեկի՝ ընդդիմությունից դուրս գալով՝ մեր խնդիրը չի վերանում։ Հները կգնան, նորերը կգան, յուրաքանչյուրս տարբեր ենք։ Կլինեն մարդիկ, որոնք չեն դիմանա, կլինեն, որ ճնշումների չեն դիմանա, կլինեն, որ իշխանության գայթակղություններին չեն դիմանա, կլինեն պարզապես մարդիկ, որ հոգեբանորեն չեն դիմանա այս պայքարին»,- ասաց Ագնեսա Խամոյանը։