Վերլուծություն

Պրահայի բանակցություններից հետո. ե՞լք, թե՞ փակուղի

Կայացավ Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումը Պրահայում։ Հանդիպման արդյունքներով տարածվեց կոմյունիկե, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը արտահայտեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում՝ մինչև հոկտեմբերի վերջ: 

Բացի այդ՝ կողմերը պայմանավորվել են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ Հայաստանի կողմից, ԵՄ «առավելագույնը երկամսյա» քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքների շուրջ, որոնց շուրջ Ադրբեջանը համաձայնել է «համագործակցել»։ Աշխատանքների նպատակը կլինի փոխվստահության մթնոլորտի ձևավորումն ու սահմանային հանձնաժողովների աշխատանքներին աջակցելը։

Քառակողմ հանդիպմանը հետևած դրական արձագանքները՝ թե՛ ԵՄ ներկայացուցիչների և թե՛ Փաշինյանի ու Ալիևի կողմից, ցույց են տալիս, որ ընթացիկ համատեքստում խաղաղության բանակցությունները մտնում են «միս ու արյան» փուլ։ Կողմերը, փաստորեն, օրակարգային հարցերի քննարկմանն են անցել, որը սահմանին լարվածության թուլացման հույս է ներշնչում։ Մյուս կողմից՝ ԵՄ դիտորդական առաքելությունը հնարավոր էսկալացիաների կանխման տեսանկյունից կարևոր պայմանավորվածություն է: Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ դիտորդական առաքելությունը կտեղակայվի ՀՀ սահմանին, և Ադրբեջանը որքան էլ դեմ է եղել, սակայն չի խոչընդոտել որոշման կայացմանը և հանձնառու է դարձել աջակցել իր հնարավորությունների սահմաններում։

Մյուս կողմից, առավել հատկանշական է այն, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կտևի «առավելագույնը երկու ամիս», որից կարելի է ենթադրել, որ կողմերը հույս ունեն առավել առարկայական հանգրվանի հասցնել բանակցությունները և նախապատրաստել խաղաղության պայմանագրի «սևագիրը», որի պարագայում ԵՄ առաքելությունը կարիք չի ունենա շարունակվելու։ Այդ ամենը ապացուցում են նաև Ալիևի հայտարարությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանը հույս ունի խաղաղության պայմանագիր կնքել մինչև տարեվերջ, և ինքը դրական է գնահատում քառակողմ հանդիպումը։

Հարկավ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ուղղակիորեն կապված է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու սահմանների բացման հետ։ Այդ մասին ուղղակիորեն հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը, մասնավորապես, հայտարարեց. «Հենց Հայաստանը խաղաղության համաձայնագիր կնքի Ադրբեջանի հետ, մեզ հետ ոչ մի խնդիր չի ունենա։ Անկարան ձգտում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների շուտափույթ ջերմացմանը և կողմերի միջև տարաձայնությունների կարգավորմանը»։

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ որոշակի դրական դինամիկա կա թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Եվ որքան էլ կողմերը խոսեն առանց նախապայմանների բանակցություններից, այդ երկու ուղղությունները բոլոր խաղացողների կողմից մեկ փաթեթում են դիտարկվում։ Այստեղ, սակայն, հարցերի հարցն այն է, թե այդ ամենին ինչպես է վերաբերում Ռուսաստանը և ինչ քայլեր կարող է ձեռնարկել՝ բանակցությունները «իր ծիրում» պահելու կամ գործընթացը վիժեցնելու համար։ Հետևաբար, Պրահայի բանակցությունների ելքի կամ փակուղու բանալին թերևս գտնվում է Մոսկվայում։