Տեսակետ

Հայ-վրացական քաղաքական աղմուկ չպետք է թույլ տալ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Լուկաշենկոյից «չպրծած»՝ կարծես թե հայտնվում ենք նոր «սկանդալի» վտանգի առաջ, այս անգամ՝ հայ-վրացական, ինչն անկասկած խիստ անցանկալի է մի շարք պատճառներով:
Խոսքը լոկ մածունի ապրանքանիշային թնջուկի մասին չէ, այլ վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում դրա վերաբերյալ մի անդրադարձի: Բանն այն է, որ դրա ընթացքում հաղորդավարների հետևի պլանում էկրանի վրա պատկերված են մածունի շշեր, որոնց վրա, վրացերեն մակագրությունից զատ, կա հայատառ գրվածք՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» և «Տոլման ևս ադրբեջանական է»: Մեծ հավանականությամբ ցուցադրվել է Վրաստանում կաթնամթերքի որևէ ադրբեջանական ներդրողի արտադրանք: Հեռուստաընկերությունը չի նկատել դա, թե՞ նկատել է, բայց վճարվել դրա համար, դժվար է ասել: Տեսնենք՝ կլինի՞ այդ կապակցությամբ որևէ պարզաբանում:
Հարկ է նկատել միայն, թե ինչ հեռուստաընկերության մասին է խոսքը: Հայաստանում տարածվում է տեղեկություն, թե դա իշխանական հեռուստաընկերություն է: Հավանաբար պատճառն այն է, որ խմբագրական քաղաքականությունը գուցե իշխանամետ է: 
Գործնականում սակայն, համացանցում եղած տվյալի համաձայն, Իմեդին, որ ստեղծել էր Սահակաշվիլուն ընդդիմադիր օլիգարխ Բադրի Պատարկացիաշվիլին, 2007  թվականից պատկանում է ամերիկյան AT&T Inc. ընկերությանը` ամերիկյան անդրազգային հեռահաղորդակցական կոնգլոմերատ: Ընկերության կենտրոնակայանը Դալլասում է՝ Տեխաս նահանգում: Ընկերությունը հեռահաղորդակցային ոլորտի խոշորագույներից է ԱՄՆ-ում և աշխարհում:
Հազիվ թե այդ խոշոր ընկերությանը պատկանող  հեռուստաընկերությունը արժե բնորոշել իշխանական: Ինչո՞ւ եմ կարևոր համարում այդ մանրամասները և դետալները: Որովհետև կարևոր եմ համարում հայ-վրացական քաղաքական աղմուկ թույլ չտալը: Իսկ այն, որ թե Հայաստանում, թե մի շարք այլ երկրներում կան բազմաթիվ և բազմապիսի խմբեր, որոնք տարբեր մոտիվներով ունեն այդպիսի աղմուկի շահագրգռություն, կարծում եմ՝ վեր է որևէ կասկածից:
Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը պետք է փորձի հնարավորինս արագ ձեռնարկել քայլեր՝ Թբիլիսիի հետ հաղորդակցությամբ, հայ-վրացական հարաբերության «բարի կամեցողների» հույսերը չարդարացնելու համար: Այո, Վրաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում իրեն մեր հանդեպ դրսևորել է մեղմ ասած անարդարացի, բայց հաստատ ոչ ավելի, քան օրինակ Ռուսաստանը՝ մեր ռազմավարական դաշնակիցը: Բայց, հասկանալով իրողությունները և խնդիրները, Հայաստանը չի գնում այդ դաշնակցի հետ հակադրության: Նույն կերպ, պետք է անել առավելագույնը հայ-վրացական որևէ հակադրություն և դրա վրա որևէ սպեկուլյացիա թույլ չտալու համար: Առավել ևս այժմ թերևս բացարձակապես դրա ժամանակը չէ: 
Ընդ որում, այդ խնդրով պետք է մտահոգ լինի ոչ միայն Երևանը, այլև Թբիլիսին, որովհետև չկա որևէ երաշխիք, որ սկանդալի փայտը չի կարող է ունենալ առնվազն «երկու ծայր»»: