Միջազգային

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման լավատեսություն կա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հեռանկարների մասին։ «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսում՝ Վալդայ միջազգային քննարկման ակումբի շրջանակներում՝ Զասը հայտարարել է, որ կարգավորման վերաբերյալ որոշակի զգուշավոր լավատեսություն կա։

Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից և ռուս խաղաղապահների Ղարաբաղ մուտքից հետո իրավիճակը կայունացել է, արյունահեղությունը դադարել։ «Իհարկե, լարվածության օջախներ կան, և դրանք հայ-ադրբեջանական սահմանին են, ես այնտեղ էի, իմ աչքով տեսա, թե ինչ է կատարվում այնտեղ, բայց իրականում սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Պարբերաբար փոխհրաձգություններ են լինում, այդպես չպետք է լինի»,- հայտարարել է Զասը։ Ըստ Զասի, այժմ կողմերի առջև ծառացած է սահմանագծման և սահմանազատման լուրջ խնդիր, դա մեծ ու բարդ աշխատանք է որը զգալիորեն կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը։ «Զգուշավոր լավատեսություն կա, որ պատերազմի մի ամբողջ դարաշրջան ավարտվում է ու մեկ այլ դարաշրջան է սկսվում: Ես կարող եմ սխալվել նման լավատեսության առումով, բայց մենք պետք է ողջունենք այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման ուղղությամբ», – հայտարարել է Զասը։