Քաղաքական

Առնվազն երկրորդ փուլում կունենանք Նախագահի ընտրություն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հանրապետության նախագահի ընտրության հարցին՝ տեղեկացնելով, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջադրել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

Ձևաթուղթը ստորագրել է ՔՊ խմբակցության 65 պատգամավոր. Փաշինյանը նշեց, որ ՔՊ խմբակցության մյուս պատգամավորները չեն ստորագրել տեխնիկական պատճառներով, քանի որ գտնվել են գործուղման մեջ։ 

Փաշինյանի խոսքով ՔՊ վարչության և խմբակցության միջև կա ներդաշնակություն, ինչը վստահություն է տալիս, որ առնվազն երկրորդ փուլում մենք կունենանք Հանրապետության նախագահի ընտրություն։

Ըստ Փաշինյանի՝ Սահմանադրության բերումով հանարապետության նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և առաջնորդվում է ազգային ու պետական շահերով. «Ես հավատացած եմ, որ կառավարությունը նույնպես առաջնորդվում է պետական, ազգային և համազգային շահերով, խորհրդարանը նույնպես առաջնորդվում է այդ շահերով։ Այստեղ պետք է գործի իշխանությունների բաժանման սկզբունքը, Սահմանադրությունը հստակ գծագրել է, թե իշխանության տարբեր թևերն ինչ լիազորություններ ունեն և ինչպես պետք է համագործակցեն։ Եվ շատ կարևոր եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե մեկը մյուսին հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ։ Կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև կա մշտական բանավեճ, հարցերի քննարկում։ Ավելին ասեմ, կառավարության ներսում էլ կա մշտական բանավեճ։ Այստեղ խնդիրն այն է, որ իսկապես մենք ընդհանուր ուղենիշ ու ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, որովհետև բոլոր դեպքերում իշխանության ներսում հակադիր շարժումները աշխատանքի մեխանիզմ է խաթարում»։