Երևանի ընտրություններ - 2023

«Շարունակելու ենք մեր աշխատանքը Երևանի ավագանիում»․ Մարության

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել։ 

«Ինչպես տեսանք, Երևանի քաղաքապետի ընտրության հարցում ոչ մի անակնկալ չեղավ։ Տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսել էինք օրեր առաջ։ Ուզում եմ հիշեցնել մեր սիրելի համաքաղաքացիներին, որ սեպտեմբերի 17-ի ընտրության արդյունքում ՔՊ-ն ավագանիում ստացավ փոքրամասնությունը՝ 24 ձայն, հետևաբար՝ ընդդիմությունը ռեալ շանս ուներ մերժելու ՔՊ-ին, եթե առնվազն 33 ավագանու անդամ քվեարկեր ընդդիմության թեկնածուի օգտին։ Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կարող էին նաև բոյկոտել այսօրվա ավագանու նիստը՝ այդպիսով կանխելով ՔՊ վերարտադրությունը Երևանում։

Բայց «Հանրապետություն» կուսակցությունը ցույց տվեց, որ իրականում ընդդիմություն չէ, և ընտրեց ՔՊ թեկնածուին։ Այսինքն, արձանագրենք, որ «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տվողներն ընտրել են ՔՊ-ն։ Ինչ վերաբերում է «Հանրային ձայն»-ին, ապա այս կուսակցությունը նախ իր ձայները փորձում էր վաճառել ընդդիմությանը՝ փոխարենն ինչ-որ պաշտոններ ուզելով։ Մենք դեռ այն ժամանակ հայտարարեցինք, որ այդ առաջարկն անօրինական է՝ վարչության պետերն ընտրվում են մրցութային կարգով և չեն կարող քաղաքական պայմանավորվածության առարկա լինել։

Հետո պարզվեց նաև, որ «Հանրային ձայնն» առհասարակ չունի բավարար ձայներ, որովհետև նրանց ցուցակից մեկը բանտում է, մյուսը՝ արտասահմանում։ Այդ մարդիկ, իհարկե,, կարող էին հրաժարվել իրենց մանդատներից և տեղը զիջել ուրիշներին, բայց չգիտես ինչու՝ չարեցին։ Հետևաբար, եթե «Հանրային ձայն»-ն իսկապես դեմ էր ՔՊ-ին, նրանց մնում էր ընդամենը բոյկոտել նիստը և բացառել ՔՊ թեկնածուի ընտրությունը։

Բայց դա տեղի չունեցավ։ Այսինքն, այստեղ ևս փաստենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունն աջակցեց ՔՊ-ին։ Միակ բանը, որ այս իմաստով պետք է պարզել այն է, թե ինչ է ուզել և ինչ է ստացել Հանրային ձայնը ՔՊ-ից՝ իր աջակցության դիմաց։ Ինչևէ, այս պայմաններում ՔՊ թեկնածուն դարձավ քաղաքապետ՝ փաստացի երևանցիների տված ձայների, ինչպես նաև՝ ավագանու անդամների ձայների փոքրամասնությամբ։

Մենք ուզում ենք շեշտել, որ այս ընթացքում մեկ քայլ անգամ չենք նահանջել մեր հռչակած սկզբունքներից՝ կոալիցիա չենք կազմել ո՛չ, ՔՊ-ի, ո՛չ նախկին ռեժիմի ներկայացուցիչների հետ, ոչ էլ գործարքի ենք գնացել բարոյականության և օրինականության հետ լուրջ կոնֆլիկտի մեջ գտնվող ուժի հետ։

Շնորհակալ եմ երևանցիներին, որոնք սեպտեմբերի 17-ին մեզ ընտրեցին։ Մենք Ձեզ տված մեր խոստմանը հավատարիմ ենք մնալու։ Շարունակելու ենք մեր աշխատանքը այդ դիրքերից Երևանի ավագանիում՝ ի շահ մեր քաղաքի և մեր երկրի։ Մեզ՝ բարի երթ»։