Երևանի ընտրություններ - 2023

Ինչպե՞ս է անցկացվելու Երևանի քաղաքապետի ընտրությունը. ի՞նչ սպասել

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով մասնակից ուժերից որևէ մեկին չի հաջողվել հատել 50 տոկոսի շեմը։ Իսկ սա նշանակում է, որ Երևանի քաղաքապետին ընտրելու է ավագանին՝ փակ գաղտնի քվեարկությամբ։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: 

Եթե ավագանու ընտրություններին մասնակցած կուսակցություններից մեկը ստանում է տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Իսկ եթե ոչ, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:

«Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:

Երկրորդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին»:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

Իսկ եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից»,- նշված է օրենքի 44-րդ հոդվածում։

Մինչ այդ, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ 

Անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցություններն ու «Մայր Հայաստան» դաշինքը։