Միջազգային

«Համաս»-ը համաձայնել է Գազայում հրադադար հաստատելու միջնորդների առաջարկին

Պաղեստինյան «Համաս» շարժումը տեղեկացրել է Եգիպտոսի և Կատարի միջնորդներին, որ հավանություն է տալիս Գազայի հատվածում զինադադար հաստատելու իրենց առաջարկած համաձայնագրի նախագծին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման պաշտոնական Telegram ալիքում։

«Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և Եգիպտոսի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Աբբաս Քամելի հետ։ Շարժումը հավանություն է տվել իրենց առաջարկած հրադադարի համաձայնագրի նախագծին»,- ասվում է փաստաթղթում։

Չկա տեղեկատվություն այն մասին, թե կոնկրետ ինչ հիմքերով են նրանք համաձայնել այդ առաջարկին, ինչպես նաև, թե «Համաս»-ի կողմից հաստատված նախագիծը տարբերվո՞ւմ է Իսրայելի հետ համաձայնեցվածից, թե՞ ոչ։ Զինադադարի վերջին պաշտոնական առաջարկը Եգիպտոսը «Համաս»-ին էր ներկայացրել ապրիլի 27-ին։ 

IRNA-ն հայտնել է Գազայում հրադադարի մասին առաջարկվող համաձայնագրի մանրամասները։ Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը կպահանջի ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում:

«Համաս»-ի ղեկավարի տեղակալ Խալիլ ալ Հայյան ներկայացրել է հրադադարի առաջարկի մանրամասները և ասել. «Առաջարկը, որը մեզ ներկայացրել են Կատարն ու Եգիպտոսը, բաղկացած է երեք փուլից՝ ներառյալ զորքերի ամբողջական դուրսբերումը Գազայից, փախստականների վերադարձը և գերիների փոխանակում»,- նշել է նա։