Միջազգային

«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ հանդիպում է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ։ Հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանը հայտարարել է, որ Նիդերլանդներն ամենամեծ օտարերկրյա ներդրողն է Թուրքիայում։

«Մենք վերանայել ենք մեր երկրների միջև բազմակողմ համագործակցությունը և հաստատել երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու մեր վճռականությունը»,- ասել է նա։

Նշելով, որ օրակարգում են նաև հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները, Էրդողանը հավելել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հիմնական պարտականությունն է ապահովել դաշինքում համերաշխությունը և դաշնակիցների միջև համախմբվածությունը, և այս համատեքստում նրանք Ռյուտեի հետ, ով այս պաշտոնի թեկնածու է, կիսվել են, թե ինչ որակներ պետք է ունենա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ապագա գլխավոր քարտուղարից ակնկալում է, որ եվրաատլանտյան անվտանգության ապահովման հարցում առաջնահերթություն կտրվի ՆԱՏՕ-ի հիմնարար դիրքի պահպանմանը։

«Թող ոչ ոք չկասկածի, որ մենք այս գործընթացում որոշումներ ենք կայացնելու ռազմավարական իմաստության ու արդարության շրջանակներում»,- ասել է նա։