Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«The Wall Street Journal-ը Մակրոն-Բլինքեն հանդիպումից հետո գրում է, որ ամերիկյան կողմը չի աջակցում Ուկրաինա զորք մտցնելու՝ Մակրոնի դիրքորոշմանը, համարելով, որ ռուսները կհարվածեն այդ զորքին, և Ֆրանսիայի ՆԱՏՕ–ական դաշնակիցները կկանգնեն միջամտելու անհրաժեշտության առաջ, իսկ իրենք չեն ուզում ՆԱՏՕ-Ռուսաստան բախում:
Ըստ հրապարակման՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ֆրանսիական զինուժին Ռուսաստանի հարվածի դեպքում չի լինի ԱՄՆ կամ ՆԱՏՕ–ի ներգրավման անհրաժեշտություն:
Ինչու՞ է ԱՄՆ–ն դեմ Ուկրաինա ֆրանսիական զինուժի մուտքին, որովհետև լավ գիտե, թե ինչն է Մակրոնի խնդիրը: Մակրոնի խնդիրը ուկրաինական կարկանդակից սեփական բաժինն ապահովելն է: Եթե դիտարկում ենք Ուկրաինային ցուցաբերվող օգնության ծավալը՝ օգնող երկրի ՀՆԱ և տրամադրվող օգնություն հարաբերակցությամբ, ապա Ֆրանսիան, մեղմ ասած, առաջատարների շարքում չէ:
Եվ հանկարծ, Ֆրանսիան հայտնում է զորք մտցնելու պատրաստակամություն: Եվ այն, որ, ըստ հեղինակավոր թերթի, Մակրոնն ասում է, թե ռուսական հարվածի դեպքում չի լինի ԱՄՆ կամ ՆԱՏՕ–ի ներգրավման անհրաժեշտություն, ըստ էության նշանակում է՝ չի լինի ռուսական հարված: Ու դա գիտե նաև ԱՄՆ–ն, բայց պետք է փաստարկ՝ Ֆրանսիայի մուտքին դեմ արտահայտվելու համար, որովհետև այդ մուտքը «խթանելու» է արևմտյան պայքար ուկրաինական կարկանդակի համար:
Հենց դրա համար է, ի վերջո, որ լեհերը միանգամից աջակցեցին Մակրոնի գաղափարին՝ դրանում տեսնելով նաև իրենց համար կանաչ լույսի հնարավորություն: Մինչդեռ, կա Բրիտանիան, որն Ուկրաինայի հարցում իր բաժին ցրցամը տվել է դեռևս պատերազմից առաջ և, դրա համար էլ, 2022-ի մարտին թույլ չի տվել փետրվարին սկսած պատերազմի դադարեցում: Լոնդոնը դա արել է իր, ոչ թե Փարիզի համար:
Ըստ էության, նույն տրամաբանությամբ են արագանում զարգացումները Կովկասի շուրջ»: