Տեսակետ

«Ո՞վ է ավելի հրեշավոր կերպով կեղծել մեր պատմության 1991-1998 թթ․ Ադրբեջա՞նը, թե՞ Հայտնի ուժերը»․ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Պարտությունից առաջ՝ ուրացում

2016-ի Քառօրյան իմ գրություններում, զրույցներում և գրքերում համարել եմ Ադրբեջանի Պյուռոսյան հաղթանակ, իսկ ավելի հաճախ օգտագործել հետևյալ ձևակերպումը՝ Ադրբեջանը չի հաղթել, Արցախը/Հայաստանը չեն պարտվել, թեև հայկական կողմը կորցրել է փոքր հողաշերտ:

2020-ի 44-օրյա աղետից հետո Քառօրյային գրեթե չեմ անդրադարձել, որովհետև տեղի ունեցած աղետի ու կորուստների ֆոնին Քառօրյան դրվագ էր:

44-օրյա պարտությունը սկսվել է ոչ թե 2016-ին, այլ 1997-ին, երբ Հայաստանի պետության զավթարարներն ու կեղեքողները՝ Արցախի հարցի հաղթական լուծման պատրվակով իրականացրեցին ռազմապետական հանցագործություն՝ դիվանագիտությունը փոխարինելով պրիմիտիվ պահանջատիրությամբ՝ միաժամանակ սկիզբը դնելով պատմությունը ուրանալու հրեշավոր գաղափարախոսությանը:

Ամեն ինչ արվում էր՝ զրոյացնելու ՀՀ առաջին նախագահի դիվանագիտական/ռազմական/քաղաքական հաջողությունները: Լևոնը ծախում էր Արցախը, մենք թույլ չտվեցինք, ՀՀՇ-ն չի կռվել (իսկ ի՞նչ էր Երկրապահը, եթե ոչ ՀՀՇ-ի ռազմականացված կառույց), կռվել են կուսակցական ջոկատները և նմանատիպ պարզունակ հնարքները դառնում էին դասագրքային տեքստեր՝ թունավորելով աշակերտներին և ուսանողներին:

Սրա հետ մեկտեղ նսեմացվում էր նաև Հայաստանի և նրա քաղաքացիների դերը Արցախյան 1991-1994թթ հաղթանակներում, որպեսզի արդարացվի Լևոնի և ՀՀՇ-ի հողատու լինելու ստերը:

Մենք, որպես հավաքականություն, ուրացանք մեր պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը՝ շրջանառության մեջ դնելով մոլորեցնող և դեպի անխուսափելի պարտություններ տանող ձևակերպումներ, ինչպես՝
ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է և ՎԵՐՋ,
ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ,
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է,
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑ ՉԿԱ....

Ո՞վ է ավելի հրեշավոր կերպով կեղծել մեր պատմության 1991-1998 թվականները․ Ադրբեջա՞նը, թե՞ ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐԸ:
Մտածելու բան է»: