Սպորտ

«Մանչեսթեր Սիթին»՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության հաղթող

Ստամբուլում ավարտվեց Չեմպիոնների լիգայի խաղարկության 2022/23թթ․ մրցաշրջանի եզրափակիչը, որում գլխավոր մրցանակի համար պայքարեցին անգլիական «Մանչեսթեր Սիթին» և իտալական «Ինտերը»։

Չնայած կողմերի գործադրած ջանքերին, առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց։ 

Ընդմիջումից հետո թիմերը շարունակեցին փոխնիփոխ գրոհները, որոնցից մեկն արդյունավետ ավարտ ունեցավ 68-րդ րոպեին։ Հաշիվը բացեց «Մանչեսթեր Սիթին», գոլն իր ակտիվում գրանցեց Ռոդրին։ 

Գոլից հետո «Ինտերը» նետվեց գրոհների, սակայն անգլիական թիմի պաշտպանները հստակ էին գործում, և գնդակը չէր հայտնվում մրցակցի դարպասում։ 

«Մանչեսթեր Սիթին» կարողացավ պահպանել հաղթական հաշիվը և առաջին անգամ դարձավ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հաղթող։ 

Հավելենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների նստարանին էր, և խաղադաշտ մտավ 84-րդ րոպեին։ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում։