Տեսակետ

Խոսքը վերաբերելու է աննախադեպ չափի և տրամաբանությամբ օգնությանը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ինչու՞ է վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում որոշում անդրադառնալ Արցախի «վտարանդի կառավարության» անթույլատրելիության մասին թեմային, որից հետո թեման «վերցնում» են ենթակա ստորաբաժանումները:

Կարծում եմ՝ պատճառը ապրիլի 5-ին սպասվող հանդիպումն է: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը, ի պատասխան Բաքվի դժգոհության, հայտարարել է, որ հանդիպման օրակարգը տնտեսական և մարդասիրական աջակցությունն է, ինչպե՞ս կարող է այն լինել Ադրբեջանի մտահոգության առիթ:

Ի՞նչ է նշանակում՝ մարդասիրական օգնություն: Դա Արցախից բռնի տեղահանված արցախցիներին ցուցաբերվելիք օգնությունն է: Եթե այդ հարցը ապրիլի 5-ի աննախադեպ ու կարևոր ձևաչափի օրակարգի հարց է, նշանակում է, որ խոսքը վերաբերելու է աննախադեպ չափի և տրամաբանությամբ օգնության, ոչ թե սովորական, ինչպես եղել է մինչ այժմ:
Այլ կերպ ասած՝ Բաքվին ակնարկում են՝ մենք քննարկելու են արցախյան հարցը ևս մի շերտով փակելու օրակարգ, դուք ինչու՞ եք անհանգստանում: Իսկ Ադրբեջանն «անհանգստանում» է ընդամենը իր գինը բարձրացնելու համար, այդ թվում՝ Հայաստանին հատկացվելիք օգնության բրյուսելյան քննարկումների համատեքստում:

Եվ ահա, Միլլերի այդ արձագանքի ֆոնին Հայաստանի վարչապետը անում է անհրաժեշտ «ժեստ»-ազդակը՝ «ոչ մի վտարանդի կառավարություն և ցուցանակ անգամ»: Սա ներկայացվում է Հայաստանի անվտանգության համատեքստում, բայց բուն խնդիրն, անկասկած, Բրյուսելն է, այնտեղ փաստարկ ունենալը:

Հատկապես, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Ֆրանսիայի խորհրդարանի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի ղեկավարին և պատվիրակությանը: Իսկ ի՞նչ է նշանակում Ֆրանսիայի խորհրդարան: Դա նշանակում է Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևեր, այլ կերպ ասած՝ ՄԱԿ ԱԽ անդամ հինգ պետությունից մեկի «թղթապանակում» արցախյան հարցի, թեկուզ՝ խորհրդատվական կարգավիճակով, առկայություն: Նախորդ գրառումովս նշել եմ, թե ինչ է դա Ֆրանսիայի քաղաքականության համար: Մինչդեռ, որևէ մեկը չգիտե՝ վաղն ինչ ուղով կընթանա այդ քաղաքականությունն ու ինչ տարածությամբ և կոնֆիգուրացիայով կծավալվի:

Եվ ահա, մի կողմից ընդունելով Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակությանը՝ վերը նշածս ազդակի հանգամանքով հանդերձ, մյուս կողմից Փաշինյանը շտապում է «հանել դա» դեպի Բրյուսել ճանապարհից:

Հարց կառաջանա, այդ դեպքում հնարավոր չէ՞ր չընդունել պատվիրակությանը, գոնե՝ Բրյուսելից առաջ: Մեծ հաշվով՝ ոչ, որովհետև առաջ, թե հետոն սկզբունքորեն տարբերություն չունի, քանի որ օգնությունը Բրյուսելում «առձեռն» չէ, որ տրամադրելու են, և, դրանից բացի, Ֆրանսիան Երևանի համար բալանսի միջոց է նախ և առաջ արևմտյան մյուս դերակատարների հետ հարաբերությունների իմաստով:

Կրկնեմ՝ քաղաքականության միագիծ պատկերացումները ոչ միայն վաղուց անցյալում են, դրանք երբեք այդպիսին չեն էլ եղել»: