Հասարակություն

Կիրանց-Ոսկեպար հատվածում ցուցարարները կանգնեցրել են մեքենան և դանակով ծակծել անվադողը․ ՔԿ

Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 27-ին Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները։

Մասնավորապես, 2024թ․ ապրիլի 27-ին՝ ժամը 14:36-ին, հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ Կիրանց բնակավայրից դեպի Ոսկեպար ընկած հատվածում ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակծել ավտոմեքենայի անվադողը:

Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 27-ին Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դրա շրջանակներում զննվել են նաև համացանցում հրապարակված՝ նշված դեպքն արձանագրող տեսագրությունները։ Քննչական գործողություններով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի Նորագյուղ բնակավայրի բնակիչ է՝ 39 տարեկան, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը հայտնաբերել նշված անձանց և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է։