Ռետրո

Ես չէի սպասում, որ ինձ կմեղադրեն ցեղասպանության մեջ. Ադրբեջանի առաջին նախագահը՝ Խոջալուի դեպքերի մասին

Այսօր Խոջալուի ողբերգական իրադարձությունների 32-րդ տարելիցն է։

Այս կապակցությամբ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը այդ իրադարձություներից մեկ ամիս անց հարցազրույց է տալիս չեխ լրագրող Դանա Մազալովային:

Հարց. –Ինչ եք մտածում Խոջալուի դեպքերի մասին, որից հետո Դուք հրաժարական տվեցիք: Խոջալուցիների դիակները հայտնաբերվեցին Աղդամից ոչ հեռու: Ինչ–որ մեկը նախապես կրակել էր մարդկանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան հեռու փախչել: Հետո նրանց կացնահարել էին: Փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարահանել էին նրանց: Մարտի 2-ին, նոր նկարահանումների ժամանակ այդ դիակների գանգամաշկերը հանված էին: Սա ինչ–որ տարօրինակ խաղ է:

Մութալիբով– Ինչպես ասում են փրկված խոջալուցիները, այս ամենը կազմակերպված էր իմ հրաժարականի համար առիթ ստեղծելու նպատակով: Ինչ–որ ուժ գործում էր հանուն նախագահի վարկաբեկման: Չեմ կարծում, թե նման իրավիճակին հստակ և բանիմաց մոտեցում ցուցաբերող հայերը թույլ տային, որպեսզի ադրբեջանցիներն իրենց ֆաշիստական արարքներում մերկացնող փաստեր ձեռքբերեին: Եթե ես հայտարարում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, ապա կարող են ասել, որ ես զրպարտում եմ: Սակայն դատողությունների ընդհանուր պատկերն այսպիսին է` հայերը, այնուամենայնիվ, թողել էին մի միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ: Այդ դեպքում նրանք ինչու՞ պետք է կրակեին: Հենց որ Խոջալուն շրջապատվեց տեխնիկայով, անմիջապես հարկավոր էր դուրս բերել բնակչությանը: Ավելի վաղ ես նման հանձնարարություն էի տվել Շուշիի առիթով. քաղաքում թողնել տղամարդկանց, իսկ կանանց և երեխաներին դուրս բերել: Սա էլ է պատերազմի օրենքներից. մարդկանց պետք է փրկել: Իմ վարքագիծն օբյեկտիվ էր և միանշանակ. ես այդպիսի հանձնարարություն տվել եմ, սակայն ինչու դրանք Խոջալուում չկատարվեցին, ինձ համար պարզ չէ»:

Հետագայում ևս Մութալիբովը շարունակել է պնդել, որ հայերը խաղաղ բնակչության հեռանալու համար միջանցք թողել են. «Փետրվարի 25-ի երեկոյան ինձ զեկուցեցին տեղի ունեցածի մասին, բայց առանց մանրամասների, հանգուցյալ ներքգործնախարար Թոֆիկ Քերիմովը: Նա ասաց, որ մի քանի հարյուր մարդ գնդակահարվել են հենց Խոջալուում: Այն ժամանակ ես առաջին բանը, որ արեցի, վերցրի հեռախոսը և զանգահարեցի Ղարաբաղի ղեկավար ոմն (Արթուր) Մկրտչյանի: Ես նրա հետ ծանոթ չէի, երբեք չէի տեսել, բայց ազգանունը գիտեի: Ես նրան զայրացած հարցրեցի, թե ինչպե՞ս է հնարավոր Խոջալուում գնդակահարել գրեթե հազար խաղաղ բնակիչների: Իսկ նա պատասխանեց բառացիորեն հետևյալը. «Ինչ հիմարություններ, մենք Խոջալուում ոչ մեկին չենք գնդակահարել: Մինչև Խոջալուն վերցնելն այնտեղ ոչ ոք արդեն չկար, քանի որ մենք միջանցք էինք տվել, և բնակիչները հեռացել են: Իսկ խոջալուցիների մի մասը մնացել է մեզ մոտ: Նրանք պրոֆտեխուսումնարանի շենքում են: Մենք նրանց կերակրում ենք, թեև մեզ իսկ մթերքները չեն բավականացնում»:

Ես չհավատացի նրան: Հեռախոսի մոտ խնդրեցի Արմեն Իսագուլովին, ով ոստիկանության վարչության պետն էր: Նա էլ հայտնեց, որ մարդկանց միջանցք են տվել: Ահա թե ինչու, ես այն ժամանակ հարցազրույցում ասացի, որ ինձ հաղորդել են խաղաղ բնակչությանը միջանցք տրամադրելու մասին: Բայց ես չեմ պնդել, որ իրականում այդ միջանցքը եղել է, թե՝ ոչ: Ես ուղղակի վկայակոչել էի վերոնշյալ հեռախոսային խոսակցությունը»,- ասել է Մութալիբովը:

2013թ. Մութալիբովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է. «Անընդունելի էր իմ հրաժարականը կապել Խոջալուի հետ, դա շատ ազդեց ինձ վրա, ես չէի սպասում, որ ինձ կմեղադրեն ցեղասպանության մեջ, այդ պնդումները տարածվեցին ամենուր և վերածվեցին հսկայական արգելապատնեշի, որը հաղթահարել ես չկարողացա»։