Ռետրո

ՀՅԴ-ում գործել է գաղտնի հետախուզական ծառայություն. նախագահի հրամանագիրը

1994-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության ժամանակավոր կասեցման մասին: Պատճառն այն էր, որ անվտանգության մարմինները ՀՅԴ-ում հայտնաբերել էին «Դրո» ահաբեկչական կառույցը, որն արդեն իրականացրել էր մի քանի սպանություն:

Radar Armenia-ն ներկայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՅԴ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին 1994թ. դեկտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը.

«Նկատի ունենալով,

որ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներսում ստեղծվել և գործել է զինվորական կառուցվածքով ու ճյուղավորված ցանցով գաղտնի հետախուզական ծառայություն,

որ այդ ծառայությունը Հայաստանում զբաղվել է հանրապետական ազգային անվտանգությանն առնչվող ռազմական և տնտեսական բնույթի հետախուզական աշխատանքով,

որ մասնակցել է միջազգային թմրաբիզնեսի Բեյրութ-Երևան-Մոսկվա- այլ երկրներ երթուղու մշակմանն ու գործադրմանը,

որ ստեղծել է անօրինական տնտեսական կառույցներ և զբաղվել դրամաշորթությամբ (ռեկետ),

որ կազմավորել է մարտական խմբեր և նրանց միջոցով իրականացրել բացահայտված քաղաքական սպանություններ ու ծրագրել մի շարք այլ ահաբեկչական գործողություններ,

որ իր ընդհատակյա գործունեության ընթացքում օգտագործել է «Հայ Յեղափոխական Դաշնակցության» և նրա դուստր կազմակերպությունների` «Համազգային հայ կրթական և մշակութային միության», «Հայ օգնության խաչի», «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» և «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» պաշտոնական կառույցները,

որ գաղտնի ծառայությունն ստեղծվել է «Հայ Յեղափոխական Դաշնակցության» բարձրագույն մարմնի` Բյուրոյի որոշմամբ և գործել Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի գիտությամբ,

որոշում եմ.

Նշված ծառայության հետագա հնարավոր անօրինական գործողությունները կանխելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես, մինչև օրենքով սահմանված կարգով հարցի լուծումը, դադարեցնել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը»: