Ռետրո

«Անկախության հռչակումն իրավական առումով եղավ անխոցելի». Բաբկեն Արարքցյան

Դեկտեմբերի 13-ին կյանքից հեռացավ ՀՀ առաջին գումարման ԱԺ նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Բաբկեն Արարքցյանը։ Նա 1991թ. սեպտեմբերի 21-ին եղել է Անկախության հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Եւ Անկախության 20-ամյակի առթիվ Արարքցյանը հարցազրույց էր տվել «Հայկական ժամանկ» օրաթերթին՝ ներկայացնելով գործընթացի մանրամասները։

Radar Armenia-ն ներկայացնում է Բաբկեն Արարքցյանի՝ «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցը։

- Պարոն Արարքցյան, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը: Կարո՞ղ էր արդյոք այնպես պատահել, որ սկզբնավորված գործընթացը չհասներ իր տրամաբանական ավարտին: Սա ասում եմ, որովհետև երբեմն հնչում են գնահատականներ, որ անկախությունը Հայաստանը ձեռք բերեց մի տեսակ ինքնըստինքյան:

- Չնայած Անկախության հռչակագիրն ընդունվեց օգոստոսի 23-ին, 1990 թվականի մայիսին ընտրված Գերագույն խորհուրդը առաջին իսկ նիստերում ընդունեց որոշումներ, որ նախանշում էին անկախ պետականության ստեղծման գործընթացը: Հուլիսի 20-ին տեղի ունեցավ նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նիստը, և ընդունվեց որոշում, որով Խորհրդային բանակի և ներքին գործերի ստորաբաժանումներին արգելվում էր Հայաստանի տարածքում իրականացնել որևէ պատժիչ գործողություն` առանց Հայաստանի Գերագույն խորհրդի թույլտվության: 1990 թվականի հուլիսի 25-ին ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովը հրամանագիր ստորագրեց` ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու և անօրինական զենքը առգրավելու մասին: Հենց այդ ժամանակ Ղարաբաղում ստեղծվում էին կամավորական ջոկատներ, որոնք պայքա-ին կյանրում էին ոչ միայն ադրբեջանական պատժիչ մեքենայի, այլև սովետական բանակի դեմ, որոնք ահաբեկում էին Ղարաբաղի ժողովրդին: Ընդամենը հինգ օր անց Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունված որոշմամբ կասեցրեց Գորբաչովի հրամանագրի կիրառումը Հայաստանում և, ուշադրություն դարձրեք` Լեռնային Ղարաբաղում: Սրանք արդեն սուվերենության կոնկրետ գործողություններ էին ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի տարածքում, որոնց ընդունումն ինքնին մեծ ռիսկերի հետ էր կապված:

- Իսկ Մոսկվան էդ բոլոր որոշումներին ինչպե՞ս էր արձագանքում:

- Գորբաչովը և Ռուսաստանի քաղաքական իշխանությունը, փաստորեն, որդեգրել էր «Գլասնոտսի»-ի, վերակառուցման ժողովրդավարական գիծը, և նրանց համար քաղաքական առումով շատ դժվար էր կոպիտ կայսերական քայլեր անել: Բայց Ռուսաստանում գործում էին հատուկ ծառայություններ` ԿԳԲ, ԳՌՈՒ, որոնք քաղաքական իշխանությունների վերահսկողությունից էականորեն դուրս էին (ինչը ապացուցվեց 1991 թվականի «Պուտչի» ժամանակ, որի պարագլուխները ԿԳԲ-ի և ուժային կառույցների ղեկավարներն էին) և մեր քայլերին շատ կոնկրետ հակազդեցություն էին ցուցաբերում:

1990 թվականին երկու անգամ Հայաստանում հեղաշրջում կատարելու փորձ արվեց: Առաջինը 1990 թվականի մայիսի 27-ին էր: Մայիսի 20-ին Հայաստանում անցկացվեց Գերագույն խորհրդի ընտրությունների առաջին փուլը, և ակնհայտ դարձավ, որ Համազգային շարժումը հաղթում է այդ ընտրություններում: Մոսկվան սրան փորձեց հակազդել Կայարանի դեպքերով. 1990 թվականի մայիսի 27-ին Շարժման ներկայացուցիչների և Սովետական բանակի պարեկի միջև Երևանի երկաթուղային կայարանում փոխհրաձգություն սարքվեց, և Նուբարաշենում տեղակայված սովետական զորքերը այդ առիթն օգտագործելով` «մարշ-բրասոկ» արեցին դեպի Երևան: Զրահատեխնիկան մտավ մայրաքաղաք: Սակայն մեզ հաջողվեց բանակցությունների միջոցով սովետական զինվորականներին համոզել, բացատրել, որ եթե նրանք շարունակեն իրագործել Երևանի օկուպացիայի ծրագիրը, հակազդեցությունը կլինի մեծ, կոշտ և կունենա անկանխատեսելի հետևանքներ, և մի քանի օրում իրավիճակը հաջողվեց հաղթահարել, չնայած սովետական բանակը մի քանի օր զրահատեխնիկայով շրջափակել էր Ազատության հրապարակը: Եթե իրադարձությունները զարգանային ԿԳԲ-ԳՌՈՒ-ի սցենարով, դա կարող էր բերել ընտրությունների երկրորդ փուլի վիժեցմանը և հարցականի տակ դնել ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ:

Հեղաշրջման երկրորդ փորձը եղավ 1990 թվականի օգոստոսի 25-ին, երբ անկախության Հռչակագրի ընդունումից ընդամենը երկու օր հետո ՀԱԲ կոչվող խմբավորումը, որ ԿԳԲ-ԳՌՈՒ-ի շարասյունն էր, ապստամբեց նորընտիր օրինական իշխանության դեմ, որը գործում էր ընդամենը մեկ ամիս: Իրավիճակը բարդ էր նրանով, որ չնայած ընտրվել էր ԳԽ ղեկավարություն, կառավարություն դեռևս ձևավորված չէր: Հին, կոմունիստական կառավարությունը հրաժարական էր տվել, բայց այդ կառավարության նախարարները շարունակում էին պաշտոնավարել: և, փաստորեն, Գերագույն խորհուրդը իշխանություն էր առանց գործադիր լծակների: Իսկ Սովետական, ռուսական թերթերը գրում էին, որ Հայաստանում չկա իրավիճակին տիրապետող իշխանություն, քանի որ, ահա, կա այսպիսի մի կազմակերպություն` «Հայոց ազգային բանակ», որը հարյուր հազար զինվոր ունի և չի ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը: Այս համատեքստում իրավիճակն այնքան լրջացավ, որ ՀԱԲ-ի ապստամբները մահացու հրազենային վնասվածքներ հասցրին ԳԽ պատգամավոր Վիտյա Այվազյանին և ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանին` Չավուշին:

ԳԽ-ն Հայաստանի տարածքում արտակարգ իրավիճակ հայտարարեց, և ՀԱԲ կոչվածը զինաթափվեց, չնայած խորհրդային հատուկ ծառայությունները, այդ թվում և` Հայաստանի, որոշակի աջակցություն էին ցուցաբերում ՀԱԲ-ին: և վերջինիս զինաթափման գործընթացը փաստորեն ոչ թե իրավապահ մարմինները իրականացրին, որ ղեկավարվում էին դեռ սովետական չինովնիկների կողմից, այլ Հայոց համազգային շարժման ուժերը: Այս ամենը ասում եմ` ընդգծելու համար, որ Անկախության հռչակագրի ընդունմանը նախորդած և հաջորդած շրջանը լի է եղել լրջագույն բարդություններով և պրոցեսներով, որոնք պահանջում էին շրջահայացություն և ճշգրիտ որոշումներ:

- Անկախության հռչակագրի մեջ, սակայն, ոչինչ չի ասվում ժամկետների մասին: Ինչպե՞ս որոշվեց Անկախության հանրաքվեն անցկացնել հենց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին:

- 1991 թվականի հունվարի 16-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց Սովետական Միությունը պահպանելու հանրաքվե անցկացնելու մասին, և այդ հանրաքվեն նշանակվեց 1991 թվականի մարտի 17-ին: Այդ որոշումը հակասում էր մեր Անկախության հռչակագրին: Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հունվարի 30-ին նախ որոշմամբ արձագանքեց, ըստ որի, մարտի 17-ին նշանակված հանրաքվեի հարցը համարում էր չնախապատրաստված, իսկ անցկացումը` անընդունելի: Սա մի փոքր էմոցիոնալ արձագանք էր, որովհետև այդ հանրաքվեի վրա ոչ մի իրավական արգելք չդրվեց: Բայց արդեն 91 թվականի մարտի 1-ին Գերագույն խորհրդում ընդունվեց հստակ որոշում: Ըստ այդմ, նախ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում  Սովետական Միության պահպանման հանրաքվեին, ապա և 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացնում է սեփական Անկախության հանրաքվեն:

- Այսինքն, սեպտեմբերի 21-ի հանրաքվեի անցկացման որոշումը մարտի 1-ի՞ն է կայացվել:

- Այո:

- Իսկ ինչո՞ւ սեպտեմբերի 21-ին և ոչ թե հենց մարտի 21-ին:

- Մենք խնդիր էինք դրել, որ Հայաստանի անկախացման գործընթացը պետք է լիովին համապատասխանի ԽՍՀՄ-ում գործող օրենքի տառին, որ Մոսկվան մեր Անկախության իրավունքը վիճարկելու որևէ իրավական կռվան չունենա: Խնդիրը հետևյալն էր. 1990 թվականի ապրիլի 3-ին ԽՍՀՄ-ում ընդունվեց օրենք «Խորհրդային հանրապետությունների` ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի մասին»: Այդ օրենքը սահմանում էր, որ եթե որևէ հանրապետություն ուզում է դուրս գալ Խորհրդային Միության կազմից, ապա  պետք է իր տարածքում իրականացվի հանրաքվե, բայց այդ հանրաքվեն պետք է հայտարարվի ոչ շուտ, քան վեց ամիս առաջ: Այսպիսով, հանրաքվեն պետք է լիներ սեպտեմբերի մեջ: Տարբեր կարծիքներ կային. քվեարկության դրվեց երկու տարբերակ` սեպտեմբերի 14 և սեպտեմբերի 21: Առավելություն ստացավ սեպտեմբերի 21-ը:  և, ի դեպ, նույնիսկ «Գեկաչեպեից» հետո, որ տեղի ունեցավ 1991 թվականի օգոստոսի 19-21-ին, մենք չշեղվեցինք մեր հանրաքվեի օրինականության կուրսից և հանրաքվեն անցկացրինք նախանշված ժամկետներում: Սա կարող է տարօրինակ թվալ, բայց հստակ խնդիր էր դրված, որ նույնիսկ եթե Սովետական Միությունը  ինչ-որ հրաշքով վերակենդանանա, մեր Անկախության կայացմանը դե յուրե խոչընդոտելու որևէ հնարավորություն չունենա: Անկախացման պրոցեսը միջազգային իրավունքի տեսակետից, ԽՍՀՄ օրենսդրության տեսակետից պետք է լիներ անխոցելի: և ես կարծում եմ, որ հենց այդպես էլ եղավ: Մենք ձգտեցինք և հասանք այն բանին, որ քաղաքական տեսակետից անկախության հռչակումը տեղի ունեցավ ժողովրդի որոշմամբ, իրավական տեսակետից  եղավ անխոցելի: 

- Դուք 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովի նախագահն էիք: Հանրաքվեի արդյունքները այդ տեսքով սպասելի՞ էին, թե՞ անսպասելի:

- Նախ ասեմ, որ ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու մասին օրենքի համաձայն, հանրաքվեի դրված հարցը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 2/3-ը: ԳԽ-ում եղան մարդիկ` քաղաքական ուժեր, ովքեր ասում էին, որ հանրաքվեն պետք է անցկացվի «Հանրաքվեի մասին» Հայաստանի օրենքով, որովհետև այս պարագայում հարցը կհամարվեր ընդունված, եթե դրա օգտին քվեարկեր ընտրողների կեսը: Մտավախություն կար, թե Հայաստանի անկախության հարցը երկու երրորդ կարող է չհավաքել: Դա այնքան էլ հիմնազուրկ չէր, որովհետև 2/3 հավաքելը այնուամենայնիվ երաշխավորված չէր. կար կոմունիստական գաղափարախոսություն, Գերագույն խորհրդում մեծ թիվ էին կազմում կոմունիստ պատգամավորները, Սովետական Միությունը իր բոլոր ռեպրեսիվ լծակներով գոյություն ուներ, և Հայաստանը Սովետական Միության մաս էր: Հայաստանն ամեն կիլոգրամ հացահատիկը ստանում էր Մոսկվայից, Մոսկվայի որոշմամբ: Այսինքն` մտածելու բան կար: Բայց մենք պնդեցինք, որ հանրաքվեն անցկացվի ԽՍՀՄ օրենքով, որպեսզի մեր անկախացման գործընթացը իրավական առումով լինի անբիծ:

- Եւ ի՞նչ արդյունք ստացանք հանրաքվեով:

- Հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 2 միլիոն 163 հազար 967 քաղաքացի: Քվեարկությանը մասնակցեց 2 միլիոն 56 հազար 792 քաղաքացի, ընտրողների 95.5 տոկոսը: Անկախությանն այո են ասել 2 միլիոն 42 հազար 617 մարդ, այսինքն` մասնակիցների 99.31 տոկոսը, «ոչ» ասել է 10 հազար 3 մարդ, այսինքն` մասնակիցների 0.49 տոկոսը, և անվավեր է եղել 4 հազար 152 քվեաթերթիկ: Այսինքն` ընդամենը 15 հազար մարդ կար, որ անկախությանն այո չի ասել: Երկու միլիոն մասնակիցների պայմաններում:

Էյֆորիկ վիճակ էր, իհարկե: Հարյուրամյակներ հետո Հայաստանը ստանում է անկախություն: Առաջին հանրապետությունը գոյատևել էր ընդամենը երկու տարուց մի քիչ ավելի, իսկ Սովետական Հայաստանը չնայած դե յուրե համարվել է անկախ պետություն, բայց իրականում  գաղութ էր, որը ոչ մի ինքնուրույնություն  չուներ, ոչ մի անկախության նշույլ: Բայց մենք լավ գիտակցում էինք, որ սա հեշտ պրոցես չի: Սեպտեմբերի 24-ին Գերագույն խորհուրդը դիմում հղեց հայ ժողովրդին, որի մեջ մասնավորապես ասվում էր. «Վերադարձը դեպի ինքնիշխանություն հեշտ չի լինում, մենք դեռ նոր ենք սկսում քայլել ազատության ճանապարհով: Քաղաքակիրթ մարդկության ուղին ցույց է տալիս, որ դա մեկ օրվա հարց չէ և հատկապես դյուրին ճանապարհ չէ: Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամեն օրվա քննություն է լինելու մեզ համար»:  Այսինքն` մենք գիտակցում էինք, որ այս ճանապարհը միայն բարիքներով և ուրախությունով լցված չէ: Սա շատ ծանր ու դժվարին ճանապարհ է: և կան բազմաթիվ փաստաթղթեր, որով մենք փորձել ենք ժողովրդին բացատրել, որ Անկախության նվաճումը դժվար գործ է, բայց այդ Անկախությունը պահպանելը ավելի դժվար է:

- Եւ ինչպես է, Ձեր կարծիքով, ընթանում անկախության պահպանման գործընթացը:

- Օրվա իշխանությունները իրենց գործունեությամբ (հաշվի չառնենք ճոխ տոնակատարությունները), վերջին տարիների ընթացքում բարբարոսաբար վարկաբեկել են Անկախության գաղափարը: Հայաստանի քաղաքական դաշտում այսօր ստեղծվել է երկու բևեռ, և քաղաքական գործընթացները որակապես տարբերվում են այլ երկրներում գործող դասական մոդելներից, երբ մրցակցում են տարբեր (կամ ոչ այնքան տարբեր) գաղափարախոսություն ունեցող կամ գաղափարականորեն մոտ քաղաքական ուժերը: Մինչդեռ այսօր Հայաստանում տեղի է ունենում ոչ թե գաղափարական պայքար տարբեր դիրքորոշումներ ունեցող ուժերի միջև, այլ ընթանում է քաղաքակրթական բախում: Ձևավորված քաղաքակրթական բևեռներում գտնվող ուժերի բախման էությունը ոչ թե նեղ կուսակցական գաղափարական շրջանակն է, այլ բնույթով աշխարհայացքային և էապես տարբեր արժեքային համակարգերի ստեղծման ձգտումը: Մի բևեռում գտնվող իշխանական կոալիցիան և նրան սպասարկող գաճաճ կառույցները ձգտում են Հայաստանում ամրապնդել ասիական ոճի բռնապետություն, որի դրսևորումները` մտքի և խոսքի ազատության ճնշում, պալատական ինտրիգներ, լայնածավալ կոռուպցիա, գավառամտություն, ոչ հեռու անցյալում` զանգվածային ձերբակալություններ և պատվիրված դատավարություններ և այլն, դարձել են առօրյա երևույթ: Նպատակը միակն է` անկախ պետությունում ապրող քաղաքացուն վերածել հպատակի, իրենց իշխանությունը երկարաձգելու համար:

Մյուս բևեռում օրեցօր հզորացող Համաժողովրդական շարժումն է, որ ղեկավարում է Հայ ազգային կոնգրեսը, որդեգրել է ազատության և համամարդկային արժեքների վրա խարսխված անկախ պետության կերտումը, ուր գերագույն արժեքը ժողովրդավարական, իրավական պետության քաղաքացին է: Այսպիսով, Հայաստանում ստեղծվել է նախադեպը չունեցող քաղաքական պայքարի նոր համակարգ: Քաղաքակրթական տարբերությամբ է բացատրվում առաջին հայացքից պարադոքսալ թվացող այն երևույթը, որ թե իշխանական, թե ընդդիմադիր բևեռներում տեղ են գտել տարբեր (որոշ դեպքերում` տրամագծորեն հակառակ) գաղափարախոսություններ ունեցող ուժեր, իսկ այս բևեռներից դուրս գտնվողները արագ մարգինալանում են, հօդս են ցնդում նաև տարբեր համարներով ուժերի ստեղծման ցնորքները:

- Ձեր կարծիքով, այդ պայքարը ի՞նչ հանգուցալուծում կունենա:

- Ռեժիմը չի կարող տանուլ չտալ, քանզի նրա աշխարհայացքային մոտեցումները հակասում են ժողովրդի և պետության շահերին և ժամանակակից աշխարհի սկզբունքներին: Ընթացող պայքարի նպատակները ավելի լայն են և ընդգրկուն, քան լոկ բռնապետական ռեժիմի տապալումը: Ընթացող պայքարի նպատակը Հայաստանի ինքնիշխանության և անկախության պաշտպանությունն է: