Ռետրո

Դաշնակցության դատ չի եղել Հայաստանում. Լևոն Տեր-Պետրոսյան. 1994թ. այս օրը կասեցվեց ՀՅԴ գործունեությունը

1994-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության ժամանակավոր կասեցման մասին: Պատճառն այն էր, որ անվտանգության մարմինները ՀՅԴ-ում հայտնաբերել էին «Դրո» ահաբեկչական կառույցը, որն արդեն իրականացրել էր մի քանի սպանություն: Ավելին` ՀՅԴ գործունեությունը Հայաստանում չէր համապատասխանում հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին օրենքին։ Կառույցին վերագրվում էր նաև թմրանյութերի վաճառքի մեղադրանք: 

2008թ. հունվարի 11-ին իր մամլո ասուլիսում Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր ՀՅԴ կասեցման պատճառներին։ Radar Armenia-ն ներկայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսից հատված.

«Ինձ ներկայացվող ամենահիմնական մեղադրանքներից մեկն, իրոք, եղել է այն, որ իմ իշխանության օրոք կուսակցություն է փակվել, թերթեր են փակվել, դատավարություններ են տեղի ունեցել։ Ամեն ինչ ճիշտ է. փակվել են, դատավարություններ են տեղի ունեցել։ Սակայն այս փաստը դեռևս հանցագործություն կամ ոճրագործություն չի նշանակում։ Պետք է պարզել, թե ինչի համար են փակվել, և օրենքո՞վ են փակվել, թե ոչ։ Աշխարհի բոլոր պետություններում կան օրենքներ կուսակցությունների գործունեության մասին, որտեղ նախատեսված են դեպքեր նրանց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Շատ երկրներում այդ օրենքները նաև բազմիցս գործադրվել են, ինչպես Իսպանիայում, Ռուսաստանում և այլն։ Գերմանիայում ընդհանրապես արգելված է կոմունիստական կամ նացիստական գաղափարախոսություն կրող կուսակցությունների գործունեությունը։ Բայց ոչ ոքի մտքով չի անցնում ասել, թե դրանք ժողովրդավարական երկրներ չեն, կամ նրանց իշխանությունները հանցագործություն են կատարել։ Եթե կա օրենք, ուրեմն այն կարող է գործադրվել։ Հայաստանի օրենսդրությամբ ևս՝ եթե կուսակցությունը խախտում է օրենքը, կարող է փակվել։ Այստեղ տերմինների որոշ շփոթ էլ կա. Դաշնակցությունը չի փակվել, այլ ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է նրա գործունեությունը։ Տրվել է վեց ամիս ժամանակ՝ կուսակցության գործունեությունը Հայաստանի գործող օրենքին համապատասխանեցնելու համար։

Հարցը շատ պարզ էր. ըստ մեր օրենքի՝ կուսակցությունների ղեկավարությունը չի կարող կազմված լինել օտարերկրացիներից։ Դաշնակցության ղեկավար մարմինների՝ բյուրոյի և համագումարի մեծ մասը սփյուռքահայեր էին. սա էր խնդիրը։ Դատարանն այդ կուսակցությանը ո՛չ նարկոբիզնեսի, ո՛չ ահաբեկչության մեղադրանք չի ներկայացրել։ Չգիտես ինչու մարդիկ ակամա պատմությունը խառնում, շփոթում են, տպավորություն, մթնոլորտ ստեղծում և հետո վերագրումներ անում։

Դաշնակցությանը ներկայացվել է մեկ մեղադրանք՝ պահանջելով շտկել կանոնադրական անկարգությունը։ Նրա գործունեությունը նախ ժամանակավորապես դադարեցվել է նախագահի հրամանագրով, ապա՝ դատարանի որոշմամբ։ Իմ հրամանագրի գործողությունն, այդպիսով, տևել է տասը-տասնհինգ օր։ Ես այդ իրավունքն ունեի. այդ ժամանակ թեև դեռևս սահմանադրություն չկար, բայց կար Հայաստանի նախագահի մասին սահմանադրական օրենք։

Նախագահին տրված էր իրավունք՝ պետության համար վտանգ պարունակող իրադրություններում կիրառել սահմանադրական ազատությունների որոշ սահմանափակումներ։ Հրամանագրին, ինչպես ասվեց, հետևել է երկրորդ իրավական ակտը՝ դատարանի վճիռը, որում կուսակցության առջև պահանջ է դրվել իր գործունեությունը վեց ամսվա ընթացքում համապատասխանեցնել Հայաստանի օրենքին։

Սակայն այդ պահանջը Դաշնակցության կողմից ժամանակին չի կատարվել։

1997 թվականին ես ինքս արդեն, իմ անձնական նախաձեռնությամբ, բանակցություններ եմ սկսել Դաշնակցության հետ՝ այդ հարցը լուծելու համար։ Տեղի է ունեցել բանակցությունների երեք ռաունդ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Շուգարյանն իմ հանձնարարությամբ և իմ անունից դիմել է Դաշնակցության բյուրոյին՝ կուսակցությունը վերաբացելու վերաբերյալ բանակցություններ սկսելու առաջարկով։ Խնդրո առարկան եղել են ոչ թե քաղաքական հաճոյախոսությունները, այլ Դաշնակցության գործունեությունը Հայաստանում վերականգնելու իրավական լուծումները։

Բանակցությունների առաջին ռաունդն, այսպիսով, Վաշինգտոնում է տեղի ունեցել, երկրորդը՝ Երևանում, որին մեր կողմից մասնակցել են Բաբկեն Արարքցյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Շահեն Կարամանուկյանը, իսկ երրորդը՝ Ամստերդամում, որը վարել է Ալեքսանդր Արզումանյանը։ Դժբախտաբար, իշխանափոխության պատճառով այդ գործընթացը չունեցավ իր ավարտը։

Բայց ես գտնում եմ, որ այն, վերջին հաշվով, ունեցավ իր արդյունքը։

Այսօր Դաշնակցությունը իր կանոնադրությունն իսկապես համապատասխանեցրել է Հայաստանի օրենքին։ Դա Գերագույն մարմնի ստեղծումն է, որը գոյություն չուներ Դաշնակցության 120 տարվա գործունեության մեջ։ Սա այն իրավական լուծումն էր, որ գտնվեց պետության և Դաշնակցության համատեղ ջանքերով՝ լուծում, որում մենք էլ ավանդ ունենք։

Ինչ վերաբերում է այն գնահատականներին և մեղադրանքներին, որոնք հնչել են մեր իշխանության և Դաշնակցության հարաբերությունների առնչությամբ, ապա դրանք զուտ քաղաքական հարթության վրա են։ Մինչդեռ խնդիրը պետք է դիտարկել իրավական հարթության վրա, քանի որ նախագահի հրամանագիրը և դատական վճիռները իրավական ակտեր են։

Ի դեպ, «Դրոյի» գործով դատավարության վերաբերյալ ասում են, թե դատարանը չապացուցեց Դաշնակցության մեղքը։ Դաշնակցության նկատմամբ թե՛ նախաքննությունը, թե՛ դատավարությունը որևէ մեղադրանք չի ներկայացրել։ Մեղադրանքները ներկայացվել են կոնկրետ անհատների նկատմամբ, կոնկրետ հանցագործությունների համար։

Դաշնակցության դատ չի եղել Հայաստանում։ Ուրեմն, քանի որ խոսքը վերաբերում է զուտ իրավական ակտերի, ապա դրանց օրինականության վերաբերյալ գոյություն ունեցող հարցերը պիտի լուծվեն միայնումիայն իրավական ճանապարհով։ Եթե մարդիկ գտնում են, որ դատարանի վճիռը սխալ էր, ուրեմն նորից պիտի դիմեն դատարան՝ վերանայման կամ արդարացման վճիռ ստանալու։ Ուրիշ ճանապարհ չկա։

Ես վերջերս եմ իմացել, որ Ռոբերտ Քոչարյանը չեղյալ է հայտարարել 1994 թվականի դեկտեմբերի իմ հրամանագիրը։ Բայց դրա կարիքը չկար։ Այդ հրամանագիրն ուժը կորցրած էր դատական վճռի կայացման պահից։ Այսինքն. ընդամենը տասնհինգ օր հետո այդ հրամանագիրն այլևս գործողության ուժ չուներ։ Իրավական հարթության վրա գտնվող ցանկացած հարցում (այդ թվում 96 ի ընտրությունների վերաբերյալ) իմ մոտեցումն, ահա, սա է։ Իրավական խնդիրներին վերաբերող վեճերը հարթվում են բացառապես իրավական պրոցեսներով։ Եթե լինեն այդպիսի պրոցեսներ, միայն ուրախ կլինեմ»։