Ռետրո

Խառնակ պառլամենտը

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքով ձևավորվեց նոր՝ 8-րդ գումարման խորհրդարանը։ Այդ ընտրություններն, ըստ էության, աննախադեպ էին՝ թե՛ մասնակից կուսակցությունների քանակով, թե՛ պայմանավորված այն փաստով, որ միտված էին քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը։ Թեպետ ԱԺ չանցած ուժերը դժգոհ էին ընտրությունների արդյունքներից, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, սակայն հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած իշխանությունը, ըստ էության, լեգիտիմ ճանաչվեց հանրության կողմից, իսկ քվեարկության ժամանակ էական ընտրախախտումներ չարձանագրվեցին։ Radar Armenia-ն առաջարկում է հետահայց ձգել Հայաստանի խորհրդարանական անցյալին պարզելու, թե երբ են տեղի ունեցել ԱԺ ընտրությունները, ինչ խմբակցություններ են ձևավորվել, ովքեր են կազմել իշխանություն, ովքեր՝ ընդդիմություն և այլ փաստական հետաքրքիր տվյալներ։ 

Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2012թ. մայիսի 6-ին: Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեցին պատգամավորական 6 խմբակցություններ` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն (69 պատգամավոր), «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն (37 պատգամավոր), «Հայ ազգային կոնգրես» խմբակցություն (7 պատգամավոր), «Օրինաց երկիր» խմբակցություն (6 պատգամավոր), «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն (5 պատգամավոր), «Ժառանգություն» խմբակցություն (5 պատգամավոր): Դրանցում չընդգրկվեց 2 պատգամավոր:

Այս խորհրդարանը տվյալ շրջափուլի քաղաքական իրողությունների արտահայտությունն էր, երբ գրեթե բոլոր ռեալ դերակատարները հայտնվեցին օրենսդիր մարմնում։ Այն միաժամանակ քաղաքական ուժային բալանսի արտահայտությունն էր՝ հանձին նախագահ Սերժ Սարգսյանին լոյալ քաղաքական ուժերի և արմատական ընդդիմության՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի։ Այս խորհրդարանն էր, որ վավերացրեց ԵԱՏՄ-ին միանալու Սերժ Սարգսյանի որոշումը և այս խորհրդարանն էր, որտեղ ընդդիմության միավորման փորձերը հասան իրենց նպատակին՝ վերջին պահին հանդիպելով իշխանության խիստ դիմադրությանն ու հանգելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հեռացմանը քաղաքականությունից Սերժ Սարգսյանի պահանջով։

Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվեց 2012թ. մայիսի 31-ին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հ. Աբրահամյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ` Էդ. Շարմազանովը և Հ. Նաղդալյանը: Ընտրվեցին նաև 12 մշտական հանձնաժողովների նախագահներ:

2014թ. ապրիլի 13-ին ՀՀ Նախագահի հրամանգրով Հ.Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: 2014թ. ապրիլի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Գ.Սահակյանը: