Ռետրո

Այսօր Արցախյան շարժման 34-ամյակն է

1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ Խորհուրդը պատմական որոշում կայացրեց, որով մեկնարկեց Արցախյան շարժումը՝ հանգելով Հայաստանի անկախությանը, Հայաստանի անկախ պետության հիմնադրմանն ու Լեռնային Ղարաբաղում պատերազմի հաղթանակին։ Որոշումը խոշոր նշանակություն ունեցող պատմական վավերագրություն է, որը ներկայացնում ենք ստորև։ 

ՈՐՈՇՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ին փոխանցման վերաբերյալ։

«Լսելով և քննարկելով ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ-ի խորհրդի դեպուտատների ելույթները՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետների առջև միջնորդության մասին, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը ՈՐՈՇՈՒՄ Է.

Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորին ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն սովետի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը դրական լուծելու համար»:

1988թ. փետրվարի 13-ից սկսած մարզկենտրոն Ստեփանակերտում անցկացվում էին զանգվածային ցույցեր՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ:

Փետրվարի 27-29 Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության կոտորած, որն ուղեկցվում էր սպանություններով, բռնաբարություններով, ջարդերով, կողոպուտով: Այնուհետև հայկական ջարդերի ալիքը տարածվեց Ադրբեջանի ողջ տարածքով մեկ:

Երևանում մեկնարկեցին լայնամասշտաբ հանրահավաքներ՝ ի սատարումն ԼՂ-ի բնակչության արդար պահանջի։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման պահանջի իրականացման համար ստեղծվեց կազմակերպչական մարմին՝ «Ղարաբաղ» կոմիտե, որը ղեկավարեց Շարժումը։

ԽՍՀՄ իշխանությունների կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաիմավորման պահանջին չընդառաջելը հանգեցրեց Արցախյան շարժման ուղեգծային փոփոխության՝ հարցի լուծումն այլևս տեսնելով սեփական ուժերով միջազգային իրավունքի հիման վրա։ Արդյունքում Հայաստանը բռնեց անկախության ճանապարհը և այդ հարցով հանրաքվե անցկացրեց 1991թ. սեպտեմբերի 21-ին, որին մասնակցեց բնակչության 95 տոկոսը, կողմ քվեարկեց՝ մասնակիցների 99 տոկոսը։

Ադրբեջանը չհամակերպվեց Լեռնային Ղարաբաղի կորստի հետ՝ անցնելով ռազմական գործողությունների։ 1990-1992թթ. լոկալ մարտերը 1992թ. փոխակերպվեցին ամբողջ ճակատով լայնամասշտաբ պատերազմի, որն ավարտվեց 1994թ. մայիսի եռակողմ զինադադարով. ԼՂ հարցը դարձավ միջազգային դիվանագիտության հարց՝ այդպես էլ խաղաղ լուծում չգտնելով։