Մամուլ

Ինչո՞ւ ԱԺ նիստերի օրակարգից հանվեց Դավիթ Խաչատուրյանի հարցը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է՝ երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր: Այդ պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել է Դավիթ Խաչատուրյանին՝ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։ Երեկ ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հարցը հանվում է օրակարգից. «Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և խնդրել է տեղափոխել այն։ Հետևաբար, հերթական նիստի օրակարգից հարցը հանվում է և հետագայում կքննարկվի»,- նշեց Ռուբինյանը։

Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել «զադնի դնել», թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի, երեկ ՔՊ-ում չունեին այս հարցի պատասխանը։

Սակայն նշենք, որ  ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից: Խմբակցությունում քննարկում են, որ վերջին մեկուկես տարում նա մի քանի անգամ պաշտոն է փոխել: Եւա այդ պաշտոններում ամեն անգամ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` ՔՊ-ի անմիջական մասնակցությամբ: Ուրբաթ օրը իշխող ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ էլ նա չի կարողացել հիմնավոր բացատրություններ տալ՝ ի՞նչն իրեն չի գոհացնում, որ անընդհատ պաշտոնի փնտրտուքների մեջ է։ ՔՊ-ում Դավիթ Խաչատուրյանին հստակ աջակցություն չեն հայտնել, ասել են, որ հարցի քննարկումից և իր պատասխաններից հետո որոշում կկայացնեն։ Գուցե այդ սառը վերաբերմունքն է եղել երեկվա բացակայության պատճառը»։