Քաղաքական

«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հարցազրույց է տվել «Լոյալ» անվտանգության քաղաքականության ամսագրի գլխավոր խմբագիր Անդրե Ուզուլիսին։ Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից: 

Դեսպանը խոսել է Հարավային Կովկասում անվտանգության, Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումների և խաղաղության կառուցման թեմաներից։

Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակության համերաշխության և ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել մեղմել Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով Հայաստան տեղահանված անձանց վերահաս խնդիրները և խուսափել վրանային ավաններից։

Դեսպանը նշել է նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է միայն Ադրբեջանի քաղաքական կամքը։

«Մեր տարածաշրջանում բարեկեցության միակ նախապայմանը խաղաղությունն է։ Խաղաղության հաստատման դեպքում վերջապես հնարավոր կլինի բացել սահմանները, ունենալ մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժ, որից կօգտվի նաև Ադրբեջանը, կբացվի Թուրքիա-Հայաստան սահմանը, ինչը շահութաբեր կլինի բոլորի համար»,- ասել է Ենգիբարյանը։

Նա հավելել է, որ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը խաղաղության օրակարգի կարևորագույն մասն է, այն կդառնա հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք առևտրատնտեսական կապի կարևոր մաս։

«Հայաստանում գործում են ժողովրդավարական ուժեղ կառուցակարգեր, երկիրը հաջողությամբ պայքար է մղում կոռուպցիայի դեմ, դա է պատճառը, որ 2022թ. ունեցանք ավելի քան 12 տոկոս տնտեսական աճ։ Հայաստանը քայլեր է ձեռնարկում սպառազինության ձեռքբերման շուկաների դիվերսիֆիկացման և պրոֆեսիոնալ բանակի կայացման ուղղությամբ»,- ասել է դեսպանը։

Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ դեսպանը նշել է․ «ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց այն նաև Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է և վերջինիս վաճառել է միլիարդավոր դոլարների սպառազինություն՝ սկսած 2011թ.-ից, ինչն այդպես չէ Հայաստանի դեպքում։ Այս իմաստով ճիշտ չէ պնդումը, որ ՌԴ-ն Հայաստանի պաշտպանող ուժն է։ ՀԱՊԿ-ը Հայաստանին ոչ միայն չաջակցեց ռազմական, այլև քաղաքական առումով։ Դա է պատճառը, որ մեզ մոտ լուրջ հարցեր կան կառույցի իմաստալիության առումով»։

Ենգիբարյանը հավելել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը դրական դերակատարություն ունի տարածաշրջանում․ «Գերմանիայից, իբրև ԵՄ ամենամեծ պետություն, ակնկալում ենք Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում գործուն ջանքեր։ Մեզ համար կարևոր է նաև Գերմանիայի ազդեցությունը որպես Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեցող պետություն»։