Քաղաքական

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային:

ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, թե Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված շուրջ 1,5 միլիոն մարդու սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարության կողմից կտրամադրվի մթերք և դեղորայք՝ ապահովելով մարդկանց առաջնային կարիքները։ 

Կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակով 19 մլն դրամ կհատկացվի հումանիտար բեռի համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ այդ հումանիտար աջակցության մասին ինքը հայտարարել է Եգիպտոս այցի ժամանակ. «Այնտեղ լոգիստիկայի հետ կապված հարցեր կային, և մենք այս հումանիտար աջակցությունը հենց Գազայի բնակչությանը հասցնելու հարցում նաև Եգիպտոսի կառավարության աջակցության կարիքն ունենք, և այցի ընթացքում այդ պայմանավորվածությունը ձեռք բերեցինք, որովհետև իրադրության պատճառով չենք կարող բեռը հասցնել ուղիղ՝ հենց Գազայի գոտի և հենց շահառուներին»,- ասել է նա։

Փոխնախարարն էլ հավելել է, որ Եգիպտոսի կառավարության հետ բոլոր պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել, բեռը կուղարկվի այնտեղ, և Եգիպտոսից կօժանդակեն, որ այն հասցվի Գազայի բնակչությանը։