Քաղաքական

«Ու՞ր է հայկական առաջարկությունը». Սուրենյանց

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն է։

-ՀՀ ԱԽ քարտուղարն այսօր անդրադարձել է Ադրբեջանի հերքումներին, թե ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը չի քննարկվել ԼՂ հայերի անվտանգությունը միջազգային մեխանիզմներով ապահովելու հարցը։ Ըստ Գրիգորյանի՝ այդ հանդիպմանը եղել է նաև ամերիկյան կողմը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, ինչու՞ է Ադրբեջանը նման քայլի դիմում։

-Ադրբեջանը մշտապես հայտնում է, որ նման հարց չի քննարկվում Հայաստանի հետ։ Դա իրենց պաշտոնական դիրքորոշումն է։ Եվ կարծում են, որ Ղարաբաղի հարցը լուծել են, որ Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների համար ապահովելու են նույն իրավունքներն ու ազատություններն, ինչ՝ Ադրբեջանի մյուս քաղաքացիների։ Այնպես որ, պաշտոնական Բաքվի՝ նման տեսակետը զարմանալի չէ։ Հիմա ամեն ինչ անում են, որ ոչ միայն մերժեն միջազգային մեխանիզմներով խնդրի կարգավորման մասին բոլոր խոսակցությունները, այլև՝ Հայաստանի մասնակցության։ Եթե հիշում եք, սրանից մեկ ամիս առաջ Ալիևը մի քիչ այլ ձևով էր արտահայտվել․ ասել էր, որ Ղարաբաղում ապրող հայերի հարցով Հայաստանի հետ խոսելու բան չունի, բայց պատրաստ է այդ հարցով, որպես բարի կամքի դրսևորում, ԵՄ-ին, ՌԴ-ին և Միացյալ Նահանգներին տեղյակ պահել, թե ինչ միջոցներ են ձեռնարկում։ Հստակ պետք է արձանագրել, որ սա Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է։

-Խոսելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ միայն մեկ կետով համաձայնություն կա Ադրբեջանի հետ, և դա դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է: Ինչի՞ մասին է սա խոսում։

-Սա խոսում է այն մասին, որ մնացած հարցերում համաձայնություն չկա։ Նա ասում էր, որ պարզ չէ՝ Ղարաբաղի հարցը ներառվելու է այդ պայմանագրում, թե թողնվելու է միջազգային մեխանիզմի ստեղծմանը։ Տեսնում ենք, որ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերում, փոխվարչապետների վերջին հանդիպման ժամանակ՝ նույնիսկ երկաթուղու ապաշրջափակման հարցում, համաձայնության չեն եկել։ Առայժմ միայն ցանկություն կամ համաձայնություն կա՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ քայլեր անելու։ Բայց դետալների շուրջ պահպանվում են հակասությունները։

-Նաև Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ կա խաղաղության պայմանագրի 2 տարբերակ՝ ռուսական ու ադրբեջանական։ Սա ի՞նչ է նշանակում, և ու՞ր է արևմտյանը՝ ըստ Ձեզ։

-Իմ կարծիքով՝ այստեղ պարոն Գրիգորյանը ֆորմալիստական տեսանկյունից է ասում, թե երկու պայմանագրի տարբերակ կա, որովհետև, ըստ էության, Բաքվի և Ռուսաստանի առաջարկները ունեն պայմանագրի կառուցվածք։ Իսկ Արևմուտքի մոտեցումները ավելի շուտ պատկերացումների ձևով են շարադրված։ Բայց Գրիգորյանի ասածի մեջ ինձ ուրիշ բան է մտահոգում՝ ուր է հայկական առաջարկությունը կամ հայկական տարբերակը։ Պարզ է, չէ՞, որ մյուս բոլոր առաջարկություններում՝ կլինի ռուսական, ադրբեջանական, ամերիկյան, թե եվրոպական, Ղարաբաղի խնդիրը շատ թույլ է լինելու։ Ամեն դեպքում, մենք ուրիշների առաջարկությունների վրա ենք քննարկումներ անում, ինչն ամենևին էլ հայկական օրակարգի ուժեղության մասին չի խոսում։ 

Հայկ Մագոյան