Քաղաքական

«Ագրեսորն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական գործողությունները»․ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան (news.am)

Հայաստանը պետք է ուժեղ լինի, իսկ Հնդկաստանն օգնելու համար կանի հնարավոր ամեն բան։ Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը 

Անդրադառանալով ՀՀ սահմանային շրջաններ կատարած այցին՝ դեսպանը նշել է. «Ես և իմ գործընկերներն ականատես եղանք այն ավերածություններին, որ տեղի են ունեցել։ Մեր դիրքորոշումն ի սկզբանե հստակ է եղել և հրապարակայնացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Ագրեսորն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական գործողությունները և պահպանի հրադադարը»,- նշել է դեսպանը և հավելել, որ իրենց ներկայացուցիչն ամենախիստն է դատապարտել ադրբեջանական կողմի ագրեսիան։

Նա նշել է, որ իրենց դիրքորոշումն աներկբա է և շատ պարզ։ Դեսպանը հավելել է, որ Հնդկաստանը կանի հնարավոր ամեն ինչ միջազգային իրավունքի և նորմերի սահմաններում, իսկ Հայաստանը պետք է ուժեղ լինի։