Վերլուծություն

Ինչո՞ւ է աղմկում Իշխան Սաղաթելյանը

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն օրերս հայտարարել է պայքարի հերթական փուլի մասին։ Սա, ի դեպ, Իշխան Սաղաթելյանի համար կարծես դարձել է սովորություն։

Նախորդ տարվա սեպտեմբերին ընդառաջ նա ևս ազդարարեց ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին։ Բայց բնականաբար, ոչինչ տեղի չունեցավ։ Անգամ փոքրաքանակ հանրահավաքների շարք չարեցին։ Հետո Իշխան Սաղաթելյանը նման խոստում էր տվել այս տարվա գարնան սկզբին։ Հիմա էլ ամռան շեմին է հայտարարում, թե այս իրավիճակի հետ չեն համակերպվելու, չեն հանձնվելու, պայքարելու են մինչև վերջին շունչը․ «Բոլոր այն խոսակցությունները, որ ընդդիմությունը հեռացել է իր օրակարգից, դադարեցրել է պայքարը, այդպես չէ... Հիմա մեր խնդիրն է՝ նոր թափով, նոր ուժով Հայաստանում, Արցախում, սփյուռքում ձևավորել համաժողովրդական դիմադրություն, քաղաքացիներին պատրաստել  լայն համաժողովրդական անհնազանդության, դուրս գալ և կանխել այս իրավիճակը»։

ՀՅԴ-ական պատգամավորի՝ արդեն սովորական դարձած հայտարարությունների շարքին չէինք անդրադառնա, եթե չլիներ մի էական հանգամանք։ Տևական ժամանակ է՝ խմբակցությունը, որի կազմում Իշխան Սաղաթելյանն է, կարծես հաշտվել է իշխանության հետ։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները պարտաճանաչ մասնակցում են և ԱԺ լիագումար և հանձնաժողովների նիստերին։ Նույնիսկ կառուցողական դիրքերից՝ առանց վիճաբանության կամ թունդ քննադատությունների, ելույթներ են ունենում, հարցադրումներ հնչեցնում։ Բացառություն էր ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանին ընդառաջ ԱԺ նիստը. «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանի և ՔՊ-ից Հովիկ Աղազարյանի միջադեպը, այնուհետ խորհրդարանի դահլիճում քաշքշուկն առիթ դարձան, որ ընդդիմությունը լքի դահլիճն ու չգա կառավարությանը հարցեր տալու։

Այնպես որ, խորհրդարանական ընդդիմությունը, որ մեկ տարի առաջ հայտարարել էր ԱԺ նիստերն անժամկետ բոյկոտելու մասին, իսկ որոշ ժամանակ անց վերադարձավ, ըստ իրենց, սեփական օրակարգով, կարծես լավ հարմարվել է իրավիճակին ու իշխանության հետ համահունչ աշխատում է։ Իսկ «Հայաստան» խմբակցության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ ղեկավար Սեյրան Օհանյանը, մի քանի անգամ խոստովանել են ընդդիմության սխալների մասին՝ նաև դրանով պատճառաբանելով հանգամանքը, որ ժողովուրդն այդպես էլ փողոց դուրս չեկավ։ Ու փողոցային պայքարի մասին այլևս չեն խոսում, միայն անորոշ արտահայտություններ են անում՝ «պայքարելու ենք», «չենք նահանջելու» տրամաբանությամբ։

Եվ ահա, այս պայմաններում, Իշխան Սաղաթելյանի՝ պարբերաբար հնչեցրած հայտարարությունները միանգամայն այլ եզրակացությունների տեղիք են տալիս։ Կարելի է ենթադրել, որ իշխանություններին «մինչև քոքը մաշեցնելու» խոստումներ տված ընդդիմադիր դաշինքն ինքն է մաշվում, և այնտեղ պառակտումները շարունակական բնույթ են կրում․ գլխավոր արարը «Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ ԱԺ-ից ու, այդպիսով, «Հայաստան» դաշինքից դուրս գալն էր։ Հիմա այդ խմբակցությունում մնացած ՀՅԴ-ականների ու Ռոբերտ Քոչարյանի մերձավորների միջև են պառակտման նշաններ երևում։ Համենայն դեպս, ակնհայտ է, որ Իշխան Սաղաթելյանի ու «Հայաստան» խմբակցության մյուս (ի դեպ, ոչ՝ ՀՅԴ-ական) պատգամավորները այնքան էլ համակարծիք չեն։ Միգուցե Իշխան Սաղաթելյանը չի կարող ներել ու համակերպվել իրեն ԱԺ փոխնախագահի պաշտոնից հեռացնելու հետ։

Այնուամենայնիվ, նման դեպքերում շատ ավելի ազնիվ կլիներ, եթե պայքարի մասին խոստումներ տվող թիմը կոնկրետ գործողությունների անցներ, կամ էլ՝ պարզապես վայր դներ մանդատը։

Ի դեպ, խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժի՝ «ՊՈւ» խմբակցության մասին. այս խմբակցության պատգամավորները թեև մասնակցում են նիստերին, սակայն ցուցադրաբար լուռ են մնում, հարցեր չեն տալիս, երբեմն միայն ելույթներ են ունենում քաղաքական նշանակության նախագծերի, թեմաների մասին՝ այդպես ի ցույց դնելով իրենց տարբերությունը «Հայաստան» խմբակցությունից։