Վերլուծություն

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սեպտեմբերի 26-ին հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «1991 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները, կոնգրեսում երկկուսակցական կոնսենսուսի ճնշման ներքո, քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը՝ Ադրբեջանի ագրեսիայից և էթնիկ զտումներից պաշտպանվելու համար»:

Հայտարարությունը ուշագրավ է այնքանով, որ ուղեկցվում է ամերիկյան կողմից ոչ պաշտոնական մեկնաբանությամբ։ Թե որտեղից կամ ինչի հիման վրա է տարածվել այս հայտարարությունը, պարզ չէ. այդ մասին ոչ մի տեղ չի նշվում։ Կարելի է ենթադրել, որ սա հենց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի սեփական նախաձեռնությունն է կամ եզրակացությունը՝ ուղեկցվող պրոցեսներին։ Թե որտեղից է գալիս այս հայտարարությունը, կարող ենք միայն ենթադրել։ 

Նշենք, որ ԱՄՆ-ն շատ ակտիվ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առկա գործընթացով։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանին ընդունեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, վարչապետ Փաշինյանը հանդիպում ունեցավ Էնթոնի Բլինքենի հետ, և ամերիկյան միջնորդությամբ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Հատկանշական է նաև ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ամերիկացի կոնգրեսականների այցը Հայաստան, Երևանում նրանց հայտարարությունները։ 

Կարող ենք եզրակացնել, որ հանձնախումբը հաշվի է առել ամերիկյան ներգրավվածությունը տարածաշրջանում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ Արդյո՞ք սա է ստիպել, որ եզրակացնեն, թե գնում է նման գործընթաց։ Արդյո՞ք հայտարարությունը մեկ այլ կողմի կամ կողմերի ուղղված չէր, եթե հաշվի առնենք, որ այն չի ուղեցվել պաշտոնական պարզաբանմամբ կամ ամերիկյան կողմի որևէ արձագանքով։ Ընդգծենք, որ նախօրեին ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը հայկական շրջանակների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե Հայաստանն ընտրի դեպի Արևմուտք ուղղությունը. «Միացյալ նահանգները տեղյակ է Վլադիմիր Պուտինի ցանկությունների մասին՝ վերստեղծել նոր ՍՍՀՄ, և Հայաստանը հիմա բեկումնային ընտրության առջև է։ Եթե Հայաստանն ընտրի դեպի Արևմուտք ուղղությունն ու հետ մղի ռուսական շահերը, կարծում եմ՝ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև եվրոպական այլ պետություններ ևս մեծ աջակցություն կուղարկեն Հայաստան»։ 

Սփիերի մեկնաբանությունը ինքնին հերքում է Հայ դատի տարածած հայտարարությունը, քանի որ հասկանում ենք՝ գործընթացը բավականին բարդ փուլեր պետք է անցնի, մեծ ու տևական աշխատանք կա տանելու, եթե իհարկե, բանը հասնի դրան։ 

Թե ինչու է հանձնախումբը հենց այժմ նման հայտարարությամբ հանդես եկել, կարող ենք միայն եզրակացնել։ Սրանով փորձ է արվում հանրայնացնել և արագացնել բավականին բարդ գործընթացը։ Այս երկու դեպքում էլ մեծանում են պրոցեսի ձախողման ռիսկերը, քանի որ հանրայնացնելով՝ փորձ է արվում բարդ պրոցեսը դարձնել մատչելի քննարկման թեմա։ Սա, իր հերթին, կարող է հանիրավի բարձրացնել հանրության սպասումներն ու ակնկալիքները գործընթացից։ 

Հայ հասարակությունը վաղուց է անհամբեր սպասում այս ծանր ու անհանգստացնող խնդիրների կարգավորմանը, և շատերը կփորձեն իրենց ակնկալիքները ամբողջապես կապել այս պրոցեսին։ 

Գոյություն ունի նաև մեկ այլ խնդիր։ Հանձնախմբի հայտարարությունը նաև կարող է ուղերձ դառնալ ռուսական և թուրք-ադրբեջանական կողմի համար։ Սա կարող է զգուշացում լինել ռուսական կողմին, որ ԱՄՆ-ում ընթանում են կուլիսային ակտիվ քննարկումներ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության առարկայական համագործակցության շուրջ, և պետք է «անհապաղ գործել»։

Թուրք-ադրբեջանական կողմն էլ իր հերթին կարող է ակտիվ լոբբիստական աշխատանք սկսել՝ գործընթացը ձախողելու համար։

Ո՞րն է եղել հանձնախմբի տարածած հաղորդագրության գլխավոր նպատակը՝ կարող են մեկնաբանել միայն իրենք, իսկ վաղաժամ հայտարարությունը, այս պահին կարող ենք արձանագրել, որ կարող է միայն վնասել Հայաստանի շահերը։ 

Քերոբ Խաչատրյան