Վերլուծություն

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»

Հայ-ադրբեջանական նոր սահմանային էսկալացիայի ֆոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ընթացքում, հանդես եկավ ուշագրավ հայտարարություններով։ Խոսելով ՀՀ կողմից զենք գնելու ու անվտանգության բաղադրիչների մասին՝ նա մասնավորապես հայտարարեց, որ Հայաստանն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք, և հավելեց. «Բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են: Կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանը այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, զենք գնի: Կարող է թվալ՝ պատրաստ չեն՝ իրենց գործն է: Բայց այս պատրաստ չլինելը իր ետևից բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային: Սովորաբար, զենք գնում են անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքների հետ»։

Մի կողմից, Հայաստանը դե յուրե և դե ֆակտո Ռուսաստանի ու նրա տարածաշրջանային ու ռազմաքաղաքական ինտեգրացիոն պլատֆորմների մասնակից է և չի կարող անմասն մնալ հնարավոր սցենարներից, որոնք ուղղակիորեն կթելադրվեն Մոսկվայից։ Այդ պլատֆորմներից մեկն էլ, ըստ էության, մեռելածին միության համբավ վայելող ՀԱՊԿ-ն է։ Հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊԿ) ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Այն փաստացի փլուզվող սովետական կայսրության վերինտեգրման պլատֆորմներից էր՝ ի թիվս ԱՊՀ-ի և Մաքսային միության։ Հայաստանն էլ, այդ շրջանում Ռուսաստանի հետ լինելով սերտ հարաբերությունների ու Ադրբեջանի հետ՝ պատերազմի մեջ, կարողացավ լավագույնս օգտագործել այդ պլատֆորմը՝ թե՛ ռազմական ներկրումների, թե՛ քաղաքական հովանու տեսանկյունից։ 

Սակայն ժամանակի հետ իրերի դրությունն ու շեշտերը փոխվեցին։ Ռուսաստանը մխրճվեց նեոկայսերականության ճահիճը և այդ պլատֆորմները սկսեց դիտարկել որպես իրեն կցորդ երկրներին զսպելու ու կառավարելու հավելյալ գործիքներ։ Ստացվեց այնպես, որ ՀԱՊԿ երկրները այդ կառույցի միջոցով պաշտպանվում են ոչ թե արտաքին մարտահրավերներից ու խնդիրներից, այլ հենց իրենից՝ Ռուսաստանից։ ՀԱՊԿ-ում մնալը Հայաստանի համար փաստացի դարձավ Ռուսաստանի հնարավոր խանդից ու ագրեսիայից պաշտպանվելու միջոց։ 

Եվ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանը այլ երկրից զենք գնի, և այդ ամենը հղի է անվտանգային սպառնալիքներով, հենց այդպիսի ռիսկերի մասին է ակնարկում։

Մյուս կողմից, իհարկե, ՀԱՊԿ-ը՝ ի դեմս Ռուսաստանի, հրաժարվում է նաև իր ուղիղ պարտավորություններից, նախ՝ մեկ շաբաթ ուշացումով հանձնաժողով ուղարկելով, հետո արդեն՝ կազմակերպության շտաբի պետ Անատոլի Սիդորովի բերանով հայտարարելով, որ կազմակերպությունը դե ֆակտո հրաժարվում է ՀՀ-ի պաշտպանությունից. «Մոտ ապագայում Հայաստանում ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա»։ Նույնն էլ, իհարկե, նախորդ բոլոր սրացումների դեպքում՝ անատամ, ագրեսորին ու Հայաստանին հավասարեցնող հայտարարություններ ու թիրախազուրկ խաղաղության կոչեր։

Տարբերակներից մյուսն, իհարկե, կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալը լինել։ Բայց պաշտոնական Երևանը այսքան ժամանակ, այսքան սրացումների ու ռիսկերից հետո էլ ոչ միայն չի դիտարկել այդ հարցը, այլև, հակառակը, ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության մեխանիզմների «զորեղացման» ջատագովն է եղել՝ պայմանավորված, կրկին ու կրկին Հայաստանի անվտանգային խնդիրներով։ Իրավիճակն էլ լավագույններից չէ՝ հաշվի առնելով ետպատերազմյան պաշտպանական համակարգի փլուզված վիճակը, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու, իհարկե, հայաստանյան քաղաքական համակարգի բոլոր խաղաքարտերի կենտրոնացումը Ռուսաստանի ձեռքերում։

Բայց վաղ, թե ուշ պետք է հաշվի նստել այս մեռելածին կառույցի ու դրա ստեղծած խնդիրների հետ։ Ռուսաստանը, թաղվելով Ուկրաինայում, զենքի ու զինամթերքի պակաս ունի նույնիսկ սեփական զինված ուժերի համար, էլ ուր մնաց՝ մտածի Հայաստանի ու նրա շահերի մասին։ Մանավանդ, որ Ադրբեջանն էլ ո՛չ Ռուսաստանի թշնամին է, ո՛չ ՀԱՊԿ անդամ երկրների հակառակորդը. ընդհակառակն, նրանք Ադրբեջանի բարեկամներն ու դաշնակիցներն են և միշտ էլ քամահրանքով են վերաբերել պաշտոնական Երևանին՝ իրենց սրբազան դիկտատորական ավանդույթներից ու գերդաստանային կառավարումից շեղվելու համար։

Հիմա, ուրեմն, Երևանը դաժան ու վտանգներով լեցուն երկընտրանքի առջև է կանգնել. շարունակե՞լ անդամակցությունն այդ մեռելածին կառույցին, թե՞ փորձել այլ երկրներից, բաց ու փակ շուկաներից պաշտպանության ու անվտանգության համար անհրաժեշտ սպառազինություն ու զենք ձեռք բերել։ Իհարկե, կարող է ու կլինի ռուսական դեմարշ, կլինեն սանկցիաներ, բայց Հայաստանն այժմ, ամեն դեպքում, ենթարկվում է այդպիսի սանկցիաների՝ երբ սողացող պատերազմի, ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիայի ֆոնին ոչ զենք ու զինամթերք, ոչ դիվանագիտական ու քաղաքական աջակցություն չի ստանում, դեռ մի բան էլ՝ հավասարեցվում է ագրեսորին ու, լավագույն դեպքում, դաշնակիցներից խաղաղության ու հնազանդության կոչեր ստանում։