Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD412.03

EUR399.62

RUB6.58

Երևան 6 ℃

Рус Eng

Ի՞նչ է ուզում Մոսկվան տարածաշրջանում. Մինսկի խմբին հասցված «վնասները»

Վերլուծություն

23 Հունիսի, 19:31

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության հեռանկարներին, նշել է. «Նրանք, առանց որևէ խորհրդակցության, փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին, մեծ հաշվով, անդառնալի վնաս է հասցվել»։

Այս նեղսրտած կեցվածքն իրականում ոչ այլ ինչ է, քան՝ սառը հաշվարկ։ Այստեղ կարևոր է «մեծ հաշվով՝ անդառնալի վնաս է հասցվել» արտահայտությունը, որն իրականում ցուցադրում է Ռուսաստանի ցանկությունը։ Սա, մեծ հաշվով, փորձ է (այսինքն, ինչքանով դա կախված է Ռուսաստանից)՝ անդառնալիորեն չեղարկել Մինսկի խմբի համանախագահությունը։ «Անդառնալի վնաս» արտահայտությունը փորձ է՝ արդարացնելու ներկայումս և ապագայում Ռուսաստանի՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով աշխատանքների վերականգնմանը չգնալու փորձերը։ Դա, միևնույն ժամանակ, նաև փորձ է՝ ղարաբաղյան կոնֆլիկտը և դրա հնարավոր լուծումները ռուսաֆիկացնելու։ 

44-օրյա պատերազմի արդյունքում Ռուսաստանն ու Թուրքիան վերադասավորել են իրենց դիրքերը Հարավային Կովկասում՝ ստանալով առավել ներկայանալի կարողություններ, և դա արվել է տեղի պետությունների ինքնիշխանության ու Արևմուտքի ներկայության հաշվին։ Հիմա թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի գլխավոր խնդիրներն են՝ հնարավորինս ճնշված պահել տեղի պետություններին՝ պահպանելով նրանց ինքնիշխանության հաշվին գրաված դիրքերը, և հնարավորինս դուրս պահել Արևմուտքը տեղի զարգացումներից ու պահպանել նրանց հեռանալու հաշվին ձեռք բերած «լգոտաները»։

Բացառապես Ռուսաստանի, այլ ոչ՝ Մինսկի խմբի համանախագահության կամ այլ միջպետական կառույցի միջնորդությամբ իրացվող խաղաղության գործընթացը պատերազմի մեթոդաբանական շարունակությունն է։ Սա տարածաշրջանը «փակելու», ռուս-թուրքական բացառիկ շահերի գոտու վերածելու գործընթաց է։ Նույն ծիրի մեջ է պետք դիտել նաև 3+3 ձևաչափը, որն ուղղակիորեն սահմանում է, թե իբր տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տեղի երկրները, սակայն անուղղակիորեն պարտադրում է, որ դրանք լուծեն «տեղի կայսրությունները»՝ Թուրքիան ու Ռուսաստանը, միաժամանակ առավելագույնս հեռու պահելով Արևմուտքին։ 

Այս ամենի մեջ Հայաստանի համար ամենաբացասականն այն է, որ տարածաշրջանի վերահաստատված «տերերը» ու նրանց նպատակները լրջագույն մարտահրավերներ են բերում։ Ռուսաստանը, ռուսաֆիկացնելով ղարաբաղյան հիմնահարցը, որևէ կերպ չի պատրաստվում այն լուծել՝ նոր ստատուս-քվո կերտելով։ Ավելին, Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս երկարաձգել այս հարցը՝ տարածաշրջանի պետություններին դատապարտելով մշտական կոնֆլիկտի ու կախվածության։

Այս ամենից առաջանում է տրամաբանական հարց. ո՞վ է իրականում Մինսկի խմբին անդառնալի վնասներ հասցնում, և ո՞վ է դրա հիմնական շահառուն։ Արևմո՞ւտքը, որ երկրորդայնացնում է այս տարածաշրջանը իր հիմնական խնդիրների կողքին ու քիչ կարևորություն տալիս դրան, թե՞ Ռուսաստանը, որն անում է ամեն ինչ՝ այստեղ լիակատար իշխանություն ձեռք բերելու համար։ Իսկ գուցե երկո՞ւսն էլ։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»