Հարցազրույց

Վաղուց պետք է ձերբազատված լինեինք բարդույթից, թե ինչ-որ մեկը Ադրբեջանին ճնշելու է մեզ համար. Աթանեսյան

Radar Armenia-ի զրուցակիցը Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։

- Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցությունները խաղաղության, առաջընթացի և զարգացման հիմքերն են։ Այս մասին հայատարարել է Իրանի պաշտպանության նախարարը։ Ձեր կարծիքով առանց միջնորդների բանակցություններն արդյո՞ք ավելի արդյունավետ կարող են լինել։

- Կարծում եմ՝ վաղուց պետք է ձերբազատված լինեինք հայկական բարդույթից, թե ինչ-որ մեկը, լինի Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Եվրամիությունը, ԼՂ հարցում Ադրբեջանի նկատմամբ ճնշում են գործադրելու: Առհասարակ ուժ, ճնշում, պատժամիջոցներ կիրառվում են բացառապես հանուն սեփական շահերի: Մնացած դեպքերում փորձում են շահն իրացնել միջնորդությամբ: Ստացվում է, որ բանակցող կողմերն իրենց ստանալիքից «մի բան պիտի տան» միջնորդին: Գերադասելին դեմ առ դեմ բանակցություններն են, կարևորը՝ խնդրի առարկան և այն կարգավորելու սկզբունքների հստակ ճշտորոշումը: Հայ-ադրբեջանական բանակցություններում, ցավոք, ոչ մեկն է հստակ, ոչ՝ մյուսը:

- ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրս բերման մասին հարցին ի պատասխան ասում է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի, որի մասին ՌԴ-ին տեղյակ է պահվել պաշտոնական նամակով։ Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանապահ զորքերը «Զվարթնոց» օդանավակայանում պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայությունը։ Պնդումներ կան, թե նման հայտարարությունները ավելի են խորացնում հայ-ռուսական հարաբերություններում «ճգնաժամը»։

- Ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը: Մոսկվայի օդանավականներում ո՞վ է սահմանային ստուգում իրականացնում: Այդպես էլ «Զվարթնոցում» միայն հայ սահմանապահներ պետք է լինեն: Եվ, առհասարակ, Հայաստանը քայլ առ քայլ պետք է ինքնիշխան հսկողություն հաստատի իր սահմաններին:

- Ինչ ռիսկեր եք տեսնում հայ-ռուսական հարաբերություններում լարվածության շարունակականության պարագայում։

- Հայաստանը, կարծում եմ, պետք է օրակարգ բերի նոր պայմանագրի շուրջ բանակցությունների հարցը:

- ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն քննարկում է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել ասել է, որ Հայաստանի օրակարգում տարբեր հարցեր կան. շարունակելու ենք քննարկել գոյություն ունեցող բոլոր ուղղությունները։ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորություն և իրատեսականություն կա՞ այսօր։

- Այսօր՝ ոչ, բայց երկիրը, պետությունը միայն այսօրով չպետք է ապրի:

Հայկ Մագոյան