Հարցազրույց

«Բրյուսելը վերադառնում է բանակցային սեղան․ դրա համար են շնորհավորում Ադրբեջանի ընտրությունները». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Ալիևը արտահերթ ընտրություններով կրկին Ադրբեջանի նախագահ դարձավ։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, և ի՞նչ նշանակություն կտան դրանց ընտրությունների արդյունքները։

- Չեմ կարծում՝ բեկումնային որևէ շրջադարձ կլինի բանակցություններում։ Բաքվի պահանջները շատ են և միակողմանի զիջումներ են պահանջում։ Ընտրությունների գնահատականները քաղաքականացված են։ Մոսկվան, պարզ է, կողջունի, իսկ հավաքական Արևմուտքը, առաջադրելով իբրև միջնորդ կամ երաշխավոր վերադարձը բանակցություններին, խիստ քննադատություններ չի հնչեցնի։

- Ռուսական կողմից հայտարարում են, որ Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի: Գալուզինը պնդում է, թե ռուսական կողմը բացառիկ նյութեր ունի, որոնք անհրաժեշտ են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար: Ի՞նչ նկատի ունի նա՝ ռուսական ԶՈւ գլխավոր շտաբում պահվող քարտեզնե՞րը։

- Քարտեզները, պարզ չեն, ինչ սահմանների են վերաբերում։ Խնդիրը առավելաբար բանակցային գործընթացների միջնորդության ղեկի ստանձնումն է այս դեպքում։ Բարդ ու երկարատև գործընթաց է, և այդ առումով էլ այն կհայտնվի տարբեր պետությունների բախման կետերում։

- Միայն քարտեզների փաստը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ Ռուսաստանը լինի հարաբերությունների կարգավորման միակ միջնորդը։

- Չեմ կարծում, որ միայն քարտեզն է գործընթացի միջնորդման գործոնը։ Սահմանազատման գործընթացը դուրս է եկել խաղաղության պայմանագրի կետերից․ իսկ բանակցություններին վերադառնում է Բրյուսելը, որի համար էլ Ադրբեջանում կայացած ընտրությունները ողջունեց Շառլ Միշելը։ Բաքուն համաձայնություն է տվել Բրյուսելի միջնորդությանը՝ վերջին շրջանում ձգումներից, խուսանավումներից եւ ուղղակի մերժումից հետո։

- Հայաստանը հայտարարեց, որ, որպես Հռոմի ստատուտի նոր մասնակից պետություն, կլինի դատարանի ակտիվ անդամ՝ համոզմունք հայտնելով, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի՝ կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները: Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է այս հայտարարությանը, թե Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին փորձ էր՝ օգտագործել այդ ինստիտուտները ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանման համար: Նման հռետորաբանությամբ ինչպե՞ս են կողմերը գնալու խաղաղության օրակարգով, և ի՞նչ օգուտ կտա Հայաստանին Հռոմի ստատուտը։

- Հռոմի ստատուտին Հայաստանի միացումը ողջունվեց արևմտյան երկրների կողմից։ Շարժառիթները տարբեր են, իհարկե։ Ադրբեջանի համար սա կարող է ընկալվել որպես ցանկացած պահին իր դեմ օգտագործվելու գործիք։ Դա կլինի, երբ կտրուկ բախվեն Ադրբեջանի և Բրյուսելի շահերը։ Հռոմի ստատուտը զենք է՝ Բրյուսելին բանակցություններին միջնորդելու համար։ Երևանը  հարմար պահին պետք է օգտագործե ստատուտը։ Իսկ հարմար պահը Բաքու-Բրյուսել շահերի բախման պահն է։

Հայկ Մագոյան